211652_close_icon
views-count1521 դիտում article-date 20:02 23-07-2019

ԵՊԲՀ գիտնականները՝ խոշոր դրամաշնորհի հաղթող

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն, ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի համալսարանական կրթության մեջ գերիշխող ուսուցողական ուղղվածությունից դեպի հետազոտականի վերափոխման գործընթացին: Գիտական թիմի ղեկավար, պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ժամանակակից և հզոր ենթակառուցվածքի ստեղծում, նեյրոգիտության նորարական հետազոտությունների զարգացում, ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման ու փոխանցման հմտությունների ձեռքբերում, վերապատրաստված ու բարձր որակավորմամբ մասնագետներով համալրում: «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծմամբ ակնկալում ենք նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին՝ բարձրացնելով դրանց որակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը: Գիտական թիմի ղեկավարը կարևորեց նաև ուսանողների ինտեգրումը գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև նրանց շրջանում հետազոտական մտածելակերպի զարգացումը: «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի նյութատեխնիկական բազան հարթակ կծառայի ինչպես այլ բուհերի ուսանողների, այնպես էլ գիտահետազոտական կենտրոնների գիտնականների աշխատանքների համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս տարի սա երկրորդ խոշոր հաղթանակն է «Հորիզոն 2020 Twinning» ծրագրից հետո: Կոստանտին Ենկոյանի խոսքով՝ միջազգայնացման գործընթացում սա լուրջ մարտահրավեր է ԵՊԲՀ-ի համար: «Մեկ-երկու տարի հետո գիտության մեջ մենք կունենանք շոշափելի ձեռքբերումներ, որոնք կարող ենք ներկայացնել աշխարհին՝ դրան զուգահեռ շարունակելով գիտության մեջ մեր կողմից տարվող աշխատանքները՝ միջազգային քարտեզում տեղորոշելով Հայաստանի դերը՝ որպես բժշկագիտության ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցող երկիր»,-հավելեց պրոռեկտորը՝ շեշտելով, որ Բժշկական համալսարանը որդեգրել է քաղաքականություն. զարգացնել ուղեղի հիմնարար հետազոտությունները՝ արդյունքում ստեղծելով ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն: Կոստանտին Ենկոյանը նշեց, որ նեյրոգիտության լաբորատորիայի ստեղծումը դարձավ զարգացման կորիզը՝ խթանելով երկու խոշոր դրամաշնորհայի ծրագրերում ԵՊԲՀ-ի հաղթանակը: Առաջին դրամաշնորհային ծրագիրը՝ «Հորիզոն 2020 Twinning»-ը ինչպես կրթական, գիտական, այնպես էլ քաղաքական ձեռքբերում է Հայաստանի համար, որին լրացնելու է գալիս երկրորդ՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» ստեղծելու դրամաշնորհային ծրագիրը: «Դրանց մեկտեղումից՝ առաջինի դեպքում կպատրաստենք ճիշտ մեթոդաբանությամբ աշխատող կադրեր, իսկ երկրորդի արդյունքում կհամալրենք նյութատեխնիկական բազան՝ ձեռք բերելով մեծ թվով սարքավորումներ: Սկզբնական փուլում կապահովենք սովորողների հոսքը՝ ստեղծելով ուսանողական տարածք, որից հետո նրանք կսովորեն իրականացնել տարբեր հետազոտություններ»,-ավելացրեց գիտական թիմի ղեկավարը: Գիտությունն ու կրթությունը մեկտեղելով՝ ԵՊԲՀ-ն պատրաստվում է ստեղծել նաև հարթակ, որտեղ կիրականացվեն թիրախային սեմինարներ, քննարկումներ ու հանդիպումներ: Այս նախագծի շրջանակում կթողարկվի նաև հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված մի շարք կրթական ծրագրեր և վերապատրաստումներ: «Մենք շարունակելու ենք գիտության զարգացմանն ուղղված մեր ծրագրերը բոլոր ուղղություններով ՝ ձեռքբերումներին ավելացնելով նորերը»,-եզրափակեց գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր