211652_close_icon
views-count2919 դիտում article-date 19:05 22-07-2019

Հաղարծինն ինձ համար նաև պետականության խորհրդանիշ է. նախագահն այցելել է Հաղարծնի վանական համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հաղարծնի վանական համալիր: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10-րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգևորականների շարականը: Վանական համալիրի բակում Արմեն Սարգսյանը շփվել է այցելուների և զբոսաշրջիկների, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ: Լրագրողների հետ զրույցում նախագահն ասել է, որ հայրենաճանաչության իր առաջին ուսուցիչն ու ուղեկիցը վաղ տարիքից եղել է հայրը, ով ճարտարապետ էր, հայ հին ճարտարապետության մասնագետ: «Այստեղ առաջին անգամ եղել եմ 4-5 տարեկանում: Ամեն անգամ գալով նույն բանը հայտնաբերում ես ուրիշ կերպ»,-ասել է Արմեն Սարգսյանը: Նա ավելացրել է, որ այս համալիրն իր համար նաև պետականության խորհրդանիշ է: «Այս հրաշքն ինձ համար լրացուցիչ խորհուրդ ունի, այն պետականության խորհրդանիշ է, քանի որ ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլև պետականության,-ասել է նախագահը:- Կարծում եմ՝ մեր երիտասարդների համար էական է, որ ոչ թե մեխանիկորեն իմանանք պատմությունը, այլ զգանք, գնահատենք այն: Հասկանանք, որ պետականությունը չի ստեղծվել երեկ, 30 կամ 100 տարի առաջ: Մենք հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ պետականություն ենք ունեցել և՝ ուժեղ պետականություն: Մեզնից յուրաքանչյուրը պետք է խորապես գնահատի իր եկեղեցին և պետականությունը: Մեր գործն այդ պետականությունը շարունակելն է 21-րդ դարում»: Ի պատասխան հարցին, թե ինչ ուղերձ նախագահը կհղի Տավուշի մարզի երիտասարդությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ իր ուղերձը շատ պարզ է. «Երևանն, իհարկե, մեր մայրաքաղաքն է, բայց մեր հայրենիքը Երևանից ավելի մեծ է, յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի»: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ողջունելով նախագահ Սարգսյանի այցը մարզ և վանական համալիր, նշել է, որ յուրաքանչյուր այցելություն, հատկապես պետական բարձրաստիճան այրերի այցերը, չափազանց ոգեշնչող են, քանի որ Տավուշը յուրահատուկ դերակատարություն և նշանակություն ունի մեր հանրապետության կյանքում: «Լինելով մեր հայրենիքի դարպասները, այստեղ բնակվող թե՛ զինվորը, թե՛ քաղաքացիական բնակչությունը մշտապես ներշնչանքի և աջակցության կարիք ունեն: Այդ կարիքն օգնություն չէ, մասնակցություն է: Կարծում եմ՝ այս այցելությունը մի նոր առիթ է մեր ժողովրդի համար վերագնահատելու և հասկանալու, որ իրենք շատ կարևոր դերակատարություն ունեն պետականության ամրապնդման, անվտանգության երաշխավորման համար»,-ընդգծել է Տավուշի թեմի առաջնորդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր