211652_close_icon
views-count2171 դիտում article-date 16:02 20-07-2019

16-րդ արձանագրությունը դեռևս նոր ընդունված փաստաթուղթ է. Եվրոպական դատարանն այդ առումով դեռ մեկ դեպք է ունեցել․ «Փաստ»

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: Այդ գործերով ՍԴ-ն խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Անդրադառնալով խորհրդատվական կարծիքի ազդեցության հնարավորությանը, խոսելով նաև ընթացակարգերի մասին՝ սահմանադրագետ Արամ Վարդևանյանը [url=https://past.am/?news_line&l=am]«Փաստի»[/url] հետ զրույցում նախ շեշտեց, որ ազդեցությունն էական է: Վենետիկի հանձնաժողովի առումով նա ընդգծեց. «Վենետիկի հանձնաժողովի պարագայում ստացվում է, որ եվրոպական լավագույն մասնագետ-փորձագետները ներկայացնում են բարձրաձայնված հարցադրումների վերաբերյալ պատասխաններ՝ հաշվի առնելով լավագույն փորձը: Դրա ազդեցությունը պետք է գնահատվի այնքանով, որ պատասխանները միջազգային փորձի, հատկապես եվրոպական երկրներում ընդունելի մոտեցումների հանրագումարն է»,-ասաց նա: Նա ընդգծեց, որ ըստ ընթացակարգի՝ ՍԴ աշխատակարգային որոշումը, այնտեղ ընդգրկված հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին փոխանցվում են ՍԴ նախագահի նամակի միջոցով: «Ես երեկ նկատեցի, որ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, որին շատ լավ ճանաչում եմ ու հարգում, հայտնել էր կարծիք, թե պարզ չէ այդ ինչպե՞ս պետք է Վենետիկի հանձնաժողովը հարցեր տա, արդյո՞ք դա առհասարակ իրավաչափ կարող է լինել և այլն: Դրա վերաբերյալ պարզապես տեղեկացնեմ, որ 2015, 2016, 2018 թվականներին մի քանի դեպքեր են եղել, երբ օրինակ, Մոլդովայի, Վրաստանի, Լեհաստանի Սահմանադրական դատարանների նախագահները դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար: Ի դեպ՝ Մոլդովայի ՍԴ նախագահի դիմումը հենց քրեական օրենսգրքի հոդվածին էր վերաբերում: Սա լայն տարածում ունեցող գործիք է ու չափազանց արդյունավետ: Այսինքն, այստեղ Վենետիկի հանձնաժողովը ոչ թե որպես դատարան է հանդես գալիս, այլ իրավական, նույնիսկ սահմանադրաիրավական հարցադրումների վերաբերյալ տրամադրում է խորհրդատվական բնույթի մասնագիտական փորձագիտական կարծիք: Հետևաբար, սա նոր գործիք չէ և լայն տարածում ունի»,ասաց նա՝ շեշտելով, որ այլ հարց է, որ, միգուցե, ՀՀ-ում այն դեռևս պետք է ընկալվի:

Նմանատիպ նյութեր