211652_close_icon
views-count943 դիտում article-date 22:59 19-07-2019

Վաշինգտոնում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվեց կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսևորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը Ամերիկյան պետությունների կազմակերպության և նրա անդամ երկրների հետ՝ այս համատեքստում ընդգծելով կառույցի՝ որպես կապող օղակի դերը։ Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպությունների բազմակողմ հարթակների ներդրումը համաշխարհային հնչեղություն ունեցող խնդիրների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության, զարգացման օրակարգի առաջմղման և միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Կողմերը անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական խնդիրներին և զարգացումներին՝ առանձնահատուկ կարևորելով բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը։

Նմանատիպ նյութեր