211652_close_icon
views-count36356 դիտում article-date 19:05 19-07-2019

Դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը. oրերս թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով եւ «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր, հաղորդում է[url=https://econews.am/?p=10936&l=am] Econews.am[/url]-ը: «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին եւ քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, բայց միեւնույն ժամանակ անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել են կենդանիներ։ Հուլիսի 18-ին Էջմիածին քաղաքի կենդանասերների կողմից համացանց բեռնվեցին սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք հավանաբար կամ թունավորվել են կամ սպանվել հրազենի միջոցով։ Այնուամենայնիվ, նույն օրը «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը Էջմիածնից Երեւանում գտնվող կենդանաբուժական կլինիկա է տեղափոխել հրազենի վնասվածքներով շուն, որի ստացած վնասվածքները մահացու չեն եղել եւ նրան հնարավոր է եղել փրկել։ Արդեն այսօր՝ հուլիսի 19-ին, Էջմիածին քաղաքում կրկին հայտնաբերվել են սպանված կենդանիների դիակներ։ Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մարտ ամսին մեզ հետ զրույցում ասել է․ «Մենք գերադասում են միջազգային լավագույն փորձը եւ բացառում ենք կենդանիների նկատմամբ բռնությունը։ Սպանդն առաջին հայացքից ավելի մատչելի եւ արագ մեթոդ է, բայց հեռահար իմաստով ավելի թանկարժեք եւ ոչ արդյունավետ, որովհետեւ բնությունը ինքնակարգավորվում է եւ ավելի մեծ թափով է բազմանում։ Ստերջացումից հետո նրանք այլեւս ոհմակներով չեն շրջում, չեն հարձակվում մարդկանց վրա, նաեւ պաշտպանում են ու հսկում տարածքը՝ այլ շների ներթափանցումից»։ Իսկ այսօր քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են իրավապահ մարմինների թերի աշխատանքի մասին, ինչի հետեւանքով ոչ միայն սպանվում են կենդանիներ, այլեւ վնասվում է համայնքային սեփականությունը, որի վրա ներդրվել են գումարներ համայնքային բյուջեից։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաեւ դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր