211652_close_icon
views-count1523 դիտում article-date 22:19 18-07-2019

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: «Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները: Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ և նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգևորություն և ապագայի նկատմամբ հավատ: Գլեդիս Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում և պատմել Ավստրալիայի հայ համայնքի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: Գլեդիս Բերեջիկլյանը 2019թ. մարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով վերընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Բերեջիկլյանի մեծ ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված որբեր են եղել: Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի 8 նահանգներից մեկն է՝ մոտ 8 մլն բնակչությամբ, որից 5 մլն-ից ավելին բնակվում է նահանգի մայրաքաղաք Սիդնեյում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ $53 հզ։ Նահանգն ապահովում է Ավստրալիայի տնտեսության 32,7%-ը, թեև բնակչության թվով 5-րդն է։ Տնտեսության 20% գյուղատնտեսությունն է, արտահանում է նաև քարածուխ, ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Սիդնեյում են կենտրոնացած ավստրալական խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակները:

Նմանատիպ նյութեր