211652_close_icon
views-count2871 դիտում article-date 14:24 18-07-2019

Տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու հարցը հստակեցվեց

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Արդյունքում, տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։ Նախագծով սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի կողմից վերահսկողական և մյուս լիազորություններն առավել արդյունավետ և օպերատիվ իրականացնելու նպատակով օգտագործվող ավտոմեքենաների առավելագույն թիվը: Սահմանաքանակները սահմանելիս իրականացվել է կարիքների գնահատում, հաշվի են առնվել տեսչական մարմինների կողմից փաստացի տնօրինվող ավտոմեքենաների թիվը և տեսչական մարմինների արդյունավետ գործունեության (ստուգումներ, վարույթներ, իրազեկման և կանխարգելիչ այլ աշխատանքներ) համար անհրաժեշտ նվազագույն քանակները՝ հաշվի առնելով նաև տվյալ մարմինների հիմնական մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների կողմից տարբեր վայրերում միաժամանակ իրականացվող գործողությունները: Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նախագիծը հանել էր օրակարգից և հանձնարարել մանրամասն քննարկել այն:

Նմանատիպ նյութեր