211652_close_icon
views-count2922 դիտում article-date 20:58 16-07-2019

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը: Ելույթ է ունեցել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը և Երևանի քաղաքային վարչության ղեկավար կազմը: Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` դատարան ներկայացվող միջնորդությունների, դրանց հիմքերի գաղտնազերծման հնարավոր սահմաններին և այլն: Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվել են՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները: Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվել է արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվել է մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկման և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին:

Նմանատիպ նյութեր