211652_close_icon
views-count1452 դիտում article-date 19:40 15-07-2019

ՄԻՊ-ի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանին ՔԿՀ-ում թողնելն անմարդկային վերաբերմունք կլիներ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանների դիրքորոշմանը, թե նրա նկատմամբ խոշտանգում կա, նշում է, որ Գրիգորյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք կլիներ, եթե նա շարունակեր գտնվել քրեակատարողական հիմնարկում: [url=https://armenpress.am/arm/news/981747.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Մանվել Գրիգորյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, նրան տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, մենք դրանից հետո անհապաղ այց իրականացրեցինք, ուսումնասիրեցինք նաև նրա բժշկական փաստաթղթերը: Եվ բոլոր հետազոտությունները հանգեցրին նրան, որ ՔԿՀ-ն չունի այն պայմանները, որ կարող է երաշխավորել նրա առողջական վիճակը։ Եվ մենք միանգամից հայտարարություն արեցինք, որ Գրիգորյանը պետք է հետ տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Սակայն, իմ հայտարարությունից գրեթե ժամեր անց ես տեսա Եվրոպական դատարանի հայտարարությունը, որ նրան պետք է տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, այսինքն՝ բառացիորեն ասվեց այն, ինչ, ես հայտարարել էի: Մենք աշխատում ենք նույն սկզբունքներով: Անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի այդ պայմանները, չպետք է տեղափոխեին ՔԿՀ»,- ասաց Թաթոյանն ու նշեց՝ կարծում է, որ այդ նախաձեռնությունը ճիշտ չէր: Անդրադառնալով հարցին, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները խափանման միջոցը չփոխելը խոշտանգում էին համարել, և արդյոք Թաթոյանը խոշտանգում տեսնո՞ւմ է ՝ նա նշեց. «Եթե Գրիգորյանը շարունակեր գտնվել քրեակատարողական հիմնարկում, ապա՝ այո, անմարդկային վերաբերմունք կլիներ։ Դա միջազգային կանոն է»,- ասաց Թաթոյանն ու նշեց, որ հարցն ուսումնասիրության փուլում է, եզրահանգում չունի, որ պնդի այդ մասին: Գործը գտնվում է դատական քննության փուլում, դա պետք է դատարանը գնահատի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հուլիսի 9-ին կրկին մերժել էր ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր