211652_close_icon
views-count1351 դիտում article-date 10:22 14-07-2019

Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամական կապերը հնարավորություն են ընձեռում ունենալ սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ. նախագահ Սարգսյանը շնոհավորել է Է. Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախությամբ եմ փաստում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամական կապերը մեզ այսօր հնարավորություն են ընձեռում մեր երկրների միջև ամրապնդել սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն՝ քաղաքական,տնտեսական, գիտական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Ֆրանսիայի և Հայաստանի միջև ակտիվ են կապերը բոլոր մակարդակներում՝ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և, իհարկե, քաղաքացիների միջև: Այդ կապերը ամուր խարսխված են փոխըմբռնման, ֆրանկոֆոնիայի ընտանիքում իր հաստատուն տեղը զբաղեցնելուն ուղղված Հայաստանի վճռականության, ինչպես նաև հայկական համայնքի, Ֆրանսիայի՝ Հայաստանի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումի վրա: Ցանկանում եմ կրկին հայտնել մեր երախտագիտությունը մարդկության դեմ հանցագործությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հարցում համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու Ֆրանսիայի պետության և անձամբ Ձեր հանձնառության համար»:

Նմանատիպ նյութեր