211652_close_icon
views-count1427 դիտում article-date 10:37 13-07-2019

Ամեն մի վերք իրականում դաս է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ճապոնական արմատներ ունեցող բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյի «Հուղարկավորված հսկան» վեպի գործողությունը ծավալվում է միջնադարյան Անգլիայում: Բրիտերի և սաքսերի երկարատև թշնամանքի և պարբերաբար բռնկվող պատերազմների ֆոնի վրա ներկայացվում է տարբեր հերոսների և, մասնավորապես, կորած որդուն փնտրող տարեց զույգի ճակատագիրը: Կվիրիգ անունով վիշապուհին մարդկանց հիվանդացնում է մի յուրահատուկ ախտով, որի պատճառով նրանք չեն հիշում մի քանի տարվա վաղեմության իրադարձությունները: Բայց թե՛ ազգերի և թե՛ իրար սիրող անհատների համար վիշապուհու սպանությունը և հիշողության վերականգնումը հղի է վտանգավոր հետևանքներով՝ ազգերը հիշելու են իրենց հրկիզված գյուղերը, տանջամահ արած երեխաներին, պատերազմն իր բոլոր արհավիրքներով, իսկ ամուսինները կգիտակցեն, որ իրենց կյանքում եղել են ոչ միայն փոխադարձ սիրո և քնքշանքի պահեր, նրանք հիշելու են, որ իրար վիրավորել են, իրար ցավ են պատճառել: Վեպում, ինչպես նաև կյանքում, մարդիկ, բնականաբար, գերադասում են հիշողության վերադարձը՝ դժվար է պատկերացնել մարդու, որը գիտակցաբար կցանկանար ապրել մոռացության թմբիրի մեջ: Բրիտերի և սաքսերի համար դա նշանակում է, որ Կվիրիգի կործանումից հետո նրանց մեջ կրկին արթնանալու է փոխադարձ թշնամանքը, ատելությունը, վրեժխնդրության ծարավը: Իսկ տարեց ամուսիններն, ըստ երևույթին, ստիպված կլինեն իրար հրաժեշտ տալ: Բայց, կարծում եմ, կա գիտակցության ավելի բարձր մակարդակ, երբ մեր հիշողությունը ոչ թե «անջատված է» (ինչպես որ դա անում են «Սևազգեստ մարդիկ» ֆիլմում հատուկ գործակալները, երբ ուզում են, որ ներկաները մոռանան արտառոց, ոչ բնական երևույթների մասին), այլ «միացրած է», բայց ծառայում է բարի նպատակների, չի խաթարում ոչ անհատների, ոչ էլ ազգերի հանգիստը: Մենք իրականում չենք կարող մոռանալ ո՛չ այն վիրավորանքները, որ մեզ են հասցրել, ո՛չ էլ այն ցավը, որն ուրիշներին ենք պատճառել: Եթե կան մարդիկ, որոնք ասում են, թե մոռացել են, կամ՝ որ իրենք չեն վիրավորել և չեն վիրավորվել, այդ մարդիկ պարզապես ինքնախաբեությամբ են զբաղված: Բայց այդ դեպքերը ոչ թե առիթ են անընդհատ «դարդ անելու» և րոպեն մեկ սեփական խեղճությունը կամ անլիարժեքությունը զգալու, այլ հնարավորություն են՝ զգացմունքները դրական հունով ուղղորդելու համար: Ամեն մի վերք իրականում ոչ թե վերք է, այլ հնարավորություն և դաս: Այնպես որ, երբ մարդիկ, ինչ-որ տհաճ երևույթ նկատի ունենալով, ասում են՝ «մոռացի՛ր», դա ճիշտ խորհուրդ չէ: Եվ ամենակարևորը՝ անիրագործելի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր