211652_close_icon
views-count2046 դիտում article-date 09:37 13-07-2019

Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին․ Ջուդի Չու․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանջանքերը, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն, ում կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանացել. «Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը»: Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին և հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, և զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը: «Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին և ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաև պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որևէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»: Միացյալ Նահանգների առավել ակտիվ ներգրավումը տարածաշրջանում խաղաղության պահպանման մեջ կարևոր է համարում նաև կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ում օրենսդրական նախաձեռնությունը, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնել, նույնպես հավանության է արժանացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում: «Այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի համար այլև անձամբ ինձ համար: Չնայած, որ պատերազմն ավարտվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, մինչ օրս այնտեղ մնացել են հազարավոր ականներ: Իմ համոզմունքն է, որ ոչ մի ընտանիք, ոչ մի երեխա չպետք է վտանգի ենթարկվի ականների պատճառով»: Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներից բացի կոնգրեսական Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է նաև ԱՄՆ-ի պետբյուջեից 2020 թվականին ֆինանսավորում հատկացնել ղարաբաղյան հիվանդանոցներին և վերականգնողական կենտրոններին: Նշենք, որ Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, պաշտոնապես հայտարարում է, որ աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ սահմանների անձեռնմխելիության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4998378.html]«Ամերիկայի ձայն»[/url]

Նմանատիպ նյութեր