211652_close_icon
views-count2787 դիտում article-date 13:17 11-07-2019

Պարբերաբար չարամիտ խախտումներ թույլ տվող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարներին: «Այսինքն այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է, և կարծում եմ՝ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք նախագիծը հնարավորինս շուտ ընդունել: Այս հարցով կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն ՀԿ-ների հետ: Մեկ անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ: Հնարավորություն պետք է ընձեռեինք՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ, որպեսզի քաղաքացիները ևս երթևեկության կոպիտ խախտումներն արձանագրելու ու ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան: Ես տեղյակ եմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը: Պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամքը եւ որոշումը կա, խնդիրը այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այժմ հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի ու եռակի ավելի մեծ վերահսկողություն: «Հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում և հատկապես 2018-2019 թվականներին մեքենաների աննախադեպ աճ է արձանագրվել: Մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, որն իր հերթին բերում է մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետևյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ ոչ մի հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների անվտանգության մասին է»,- ընդգծեց կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են նախատեսում ձեռնարկել․ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյան – Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, մենք բոլորս ցավում ենք վերջին դեպքով, այդ թվում՝ ոստիկանության ողջ անձնակազմը և Ձեր մտահոգությունը նաև տեղին է, պարոն, վարչապետ: Վերջին տարիներին, որ նման դեպքեր եղել են՝ օրինակ, 2011 թ. Արցախի փողոցի վրա մենք 4 զոհ ունեցանք, վթարի հետևանքով հրդեհ էր բռնկվել, 2014 թ. Երևան-Գյումրի Հոռոմի խաչմերուկի վրա ունեցանք 7 զոհ՝ էլի նույնատիպ վթարով, հրդեհով, և Երևան-Երասխ Զոդի կամուրջի վրա եղավ: Վստահեցնում եմ Ձեզ, պարոն վարչապետ, որ յուրաքանչյուր դեպքով, անգամ հանցագործության, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ և վթարներով, հատկապես այն վթարներով, որոնք ունեն զոհեր, մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում և չենք կարող ֆիզիկապես այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում, կոնկրետ վերակարգեր ունենալ: Տեսեք, դեպքը տեղի է ունեցել կամուրջի վրա, որտեղ անթույլատրելի է վազանց անել, օրենքով չի թույլատրվում կայանել և այլն, և այլն, անգամ, եթե վնասված մեքենա է լինում, փչացած, պետք է վարորդը կամուրջից հանելու միջոցներ ձեռնարկի: Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անում ենք, ճիշտ է՝ ասում եմ ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ: Բայց Ձեզ ուզում եմ որոշ տվյալներ բերել, պարոն վարչապետ: ՃՊՏ հետևանքով պատահարները վերջին 10 տարիներին շարունակվում են և կարծես միտում ունեն աճելու: Դրա հետ մեկտեղ զուգահեռ աճում են զոհերը և վիրավորները: Օրինակ, 2018 թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել են 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր: 2019 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, այսինքն՝ 342 դեպքով ավելի և 19 զոհ ավելի, ապրիլի դրությամբ 69 զոհ ունենք և 3212 վիրավոր, ինչը 476 վիրավորով ավելի է: Դուք ճիշտ նկատեցիք, որ աննախադեպ ավտոմեքենաների հոսք ունենք, մեր հայրենակիցները ներկրում են հանրապետություն: 2017 թ. ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018 թ.՝ 73562, 2018 թ. 6 ամիսներին՝ 28954, իսկ 2019 թ. 6 ամիսներին՝ արդեն ունենք 25662-ով ավելի, այսինքն՝ ներկրվել է 54216 ավտոտրանսպորտային միջոց ավելի, քան 2018 թ. առաջին կիսամյակում: Եվ այստեղ ես կուզենայի նշել, որ ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում այս ամենը, պարոն վարչապետ, նաև ճանապարհների վատ լուսավորությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը, աննկատ համակարգը ձևական բնույթ է կրում, կարելի է ասել, ընդհանրապես բնույթ չի կրում: Տեխզննում չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ինձ զեկուցում, որ տրանսպորտային միջոցն ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը և ընկել է ձորը: Այսինքն՝ դա հետևանք է այն բանի, որ ինչ-որ մի դետալ մաշվել է, որովհետև մեր տրանսպորտային միջոցներն այսօր թե՛ ավտոշուկայում, թե՛ ներկրողներն ընդամենը փայլացնում են արտաքնապես, բայց բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում: Նախկինում դա պարտադիր էր. պարտադիր համապատասխան կետերում անցնում էին, նոր անցնելուց հետո թույլատրվում էր շահագործումը: Կան երկրներ, օրինակ, Դուբայում, նայում են, տեսնում են՝ անվադողերն իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողերին այստեղ կտան շատ բարձր գին, բայց քանի որ անվադողը ժամկետանց է, անգամ չեն թույլատրում և պարտադրում են մինչև դա կարգի չբերի, չթույլատրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, պարոն Օսիպյան, ես կարծում եմ, որ այստեղ չկա մի գործողություն, որով բոլոր հարցերը լուծվեն: Հարցերը պետք է լուծվեն հետևողական, տրամաբանված ռազմավարություն և ճանապարհային քարտեզ ունենալու միջոցով, և ես կարծում եմ, անկեղծ ասած, որ այդ միավորների համակարգը շատ լավ համակարգ է, որն էականորեն կփոխի իրավիճակը, իսկ մնացած հարցերը մեր ռազմավարությունների քննարկման համատեքստում պետք է քննարկել և ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես ենք լուծելու այդ հարցը: Իմ համոզմունքն այն է, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, ընդամենը տեղային: Այնպես որ պետք է նախ՝ ընդհանուր ոստիկանության բարեփոխումների փաթեթում մենք ճանապարհային ոստիկանության աշխատանքը և ընդհանրապես ճանապարհային անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը պետք է վերագնահատենք, երկրորդը՝ բալային համակարգի ներդրումն է, և երրորդը՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որպեսզի քաղաքացիներն իրենք էլ հնարավորություն ունենան նաև նպաստ բերել երթևեկության անվտանգության պահպանմանը: Պայմանավորվենք, որ այս ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաև արդեն այն, ինչ պայմանավորվել ենք՝ ուժեղացված ծառայությունները ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների հայտնաբերումը, գերբեռնված մեքենաների հայտնաբերումը և այդպես շարունակ: Սրանք շրջիկ թեմաներ են, որոնք ժամանակ առ ժամանակ գալիս են, այստեղ ֆունդամենտալ լուծումներ են պետք:

Նմանատիպ նյութեր