211652_close_icon
views-count1532 դիտում article-date 12:53 11-07-2019

Էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն․ Փաշինյան

Էներգետիկայի համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խնդիրները գործնականում ժամը 20:00-ի դրությամբ կարգավորվել են: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում ժամը 20:00-ի դրությամբ արդեն ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգն ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում, անդրադարձ կատարեցինք այդ փոխարկիչի հետ կապված խնդրին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մասնագետները նման իրավիճակ են նկարագրել, որ փոխարկիչը ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից: «Այնպես որ, գործնական առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները։ Երկու վարկած կա՝ արտաքին, ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ պատճառը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց մոտ ևս նշանակվել է ծառայողական քննություն: «Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն անցկացվի, տրվի գնահատական՝ միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր