211652_close_icon
views-count1874 դիտում article-date 21:27 10-07-2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության մեխանիզմների կատարելագործման, Միջպետական խորհրդի մասնակից երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի պրակտիկան և արդյունքները, փորձի և տեղեկատվության փոխանակումը: Բացի այդ, կվերլուծվեն ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրի իրականացման արդյունքները: Նախատեսվում է նաև ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահության փոխանցման և նոր քարտուղարության որոշման հարցերի քննարկումը: Արթուր Դավթյանը, ով անցնող տարվա ընթացքում ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահն էր, հանդես կգա ելույթով: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ: ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից՝ 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա: Այն կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը և այլն:

Նմանատիպ նյութեր