211652_close_icon
views-count1458 դիտում article-date 13:58 09-07-2019

Եվրոպայում կարմրուկի ռիսկը բարձր է, ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում պատվաստվել

Եվրոպական երկրներում կարմրուկի տարածման ռիսկը բարձր է, մասնագետները հորդորում են այցելելուց առաջ պատվաստվել: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, հավելելով, որ զբոսաշրջության ակտիվ շրջանում վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը բարձրանում է: Հետևաբար, ճիշտ կլինի այս կամ այն երկրում հանգիստ կազմակերպելիս տեղեկանալ նաև հիվանդությունների տարածման մասին: «Եվ որպեսզի կազմակերպված հանգիստը չվերածվի անհանգիստ իրավիճակի, ճիշտ կլինի նախապես պատվաստվել, եթե դա չի արվել: Ներկայում ռիսկային են եվրոպական երկրները՝ կապված կարմրուկի տարածման հետ: Առանձնացվում են Ֆրանսիան, Գերմանիան, Բուլղարիան, Ալբանիան, Իտալիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 53 երկրից 47-ում այսօր այդ խնդիրը կա: Ընդամենը վեց երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չկա, դրանց թվում Հայաստանն է»,-ասաց մասնագետը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, բոլոր 6 տարածաշրջաններում դիտվում է կարմրուկի տարածվածության աճ: 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճը կազմել է 300 տոկոս: Եվրոպական տարածաշրջանն ամենաակտիվն է կարմրուկի առումով: Միայն 2019 թվականի առաջին կիսամյակում 125 հազար կարմրուկի դեպք է արձանագրվել: Դրանցից 90-ը ավարտվել են մահվան ելքով: Բուռն զարգացող համաճարակային պրոցես երկու երկրում է գրանցվել՝ Ուկրաինայում, Վրաստանում: Այս տարվա ընթացքում Հայաստանն ունեցավ կարմրուկի 4 բերովի դեպք Ուկրաինայից և Վրաստանից: «Բոլոր ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս ունենալ պատվաստում կարմրուկի դեմ: Եթե մարդը չի հիշում պատվաստվել է, թե ոչ, գոնե մեկ դեղաչափը ճանապարհորդելիս անհրաժեշտ է: Առողջապահության նախարարությունը նախաձեռնություն ունի, բոլոր բուժհաստատություններին թույլատրված է մինչև 30 տարեկան անձանց անվճար պատվաստումներ կատարել: Նշված տարիքից բարձր քաղաքացիների համար պատվաստումը վճարովի է»,-ասաց Գայանե Սահակյանը: Մասնագետը նշում է, որ ամեն դեպքում ճանապարհորդելիս ճիշտ կլինի հետևել մաքրությանը, հիգիենիկ կանոններին, խմել միայն ստերիլիզացված ջուր, պատահական վայրերից սնունդ չգնել:

Նմանատիպ նյութեր