Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
«Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։
Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։
Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]հայտնել էր [/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 6 մոխրացած դի։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի