211652_close_icon
views-count2617 դիտում article-date 09:28 06-07-2019

21-րդ դարի ամենատարածված հիվանդու­թյունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Առաջիկա երկու շաբաթն ապրելու եմ առանց սոցիալական ցանցերի և առանց լուրերին հետևելու: Դա, ինձ համար, ինչ խոսք, հաճելի ժա­մանակաշրջան է: Բայց ցանկացած մարդ, կար­ծում եմ, պետք է նման հնարավորություն ունենա, որովհետև դա նաև օգտակար է: Երբ կտրվում ես տեղական լրահոսից, հասկա­նում ես, զգում ես, որ աշխարհը մեծ է, աշխարհն իր ամբողջականության մեջ և ամեն մի երկիրն առանձին ապրում են իրենց հոգսերով: Հայ իրականությունից դուրս ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում մեր հեղափոխությունը, «հակահեղափոխական» դատավորների վեթինգը, Սահմանադրական դատարանի անդամ/դատավոր երկընտրանքը կամ Քոչարյանի ճակա­տագիրը: Երկու շաբաթով կտրվելով այդ՝ մեզ համար «ճակատագրական» թվացող թեմանե­րից, հետո, երբ ստիպված վերադառնում ես դրանց, արդեն ծանոթ իրավիճակի մեջ տեսնում ես նոր երանգներ, նոր պատճառահետևանքային կապեր: Իրավիճակի մեր գնահատականի վրա ազդում է նաև այն, որ իրականության ընկալումը Հայաստանում խիստ բևեռացված է: Տարբեր ճամ­բարներին հարող մարդիկ հակառակ ճամբարում ոչ մի լավ բան չեն ուզում տեսնել, շփման եզ­րեր, ընդհանուր շահեր չեն ցանկանում ձևակերպել, իրար մերժում են, ինչպես ասում են, «մինչև վերջ»: (Ի դեպ, նրանք, ովքեր ադեկվատ են ներկայանում, իրականում այնքան էլ ադեկվատ չեն): Օրինակ, ագրեսիվ «նիկոլական» մեծամաս­նությունը և նույնքան ագրեսիվ «քոչարյանական» մի քանի տասնյակ մարդ պարունակող «բանա­կը» չեն ընդունում, որ հակառակ ճամբարի մար­դիկ կարող են առաջնորդվել ինչ-ինչ սկզբունք­ներով և իրար համարում են «ծախված», զուտ նյութական շահերով առաջնորդվող: Ես համաձայն չեմ այդ ծայրահեղական մոտեցումների հետ, բայց ամեն օր ֆեյսբուքում նրանց գրառում­ները կարդալն ազդում է ցանկացած, անգամ շատ առողջ մարդու հոգեկան վիճակի վրա, և այդ մթնոլորտից երկու շաբաթով կտրվելը պարզապես բարեբախտություն է: 21-րդ դարի ամենատարածված հիվանդու­թյունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը: Մարդկանց թվում է, որ եթե նրանք մի քանի րոպե նորություններին չհետևեն կամ մի քանի ակնթարթ «ֆեյսբուքով» ծանուցում չստա­նան, դա կնշանակի, որ նրանք «կտրվել են կյանքից», բաց են թողել ինչ-որ կարևոր բան, առանց որի իրենց ներաշխարհը կաղքատանա: Բայց իրականում նման զգացողությունը թմրան­յութի նման մի բան է, առանց որի ապրելակերպը շատ ավելի առողջ է և անվտանգ: Տարիքիս բերումով ես այդ կախվածությունը չունեմ: Սա­կայն ավելի երիտասարդներին շուտով պետք կլինեն հատուկ բժիշկ-հոգեբաններ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր