211652_close_icon
views-count1153 դիտում article-date 17:43 05-07-2019

Մեզ համար անգնահատելի է եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին առնչվող բոլոր կենսական հարցերում. Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մեծարգո՛ պարոն Սիլուրիս, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի առջև: Նախքան բուն ելույթիս անցնելը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը և ինձ մատուցված ջերմ ընդունելության համար: 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իմ հայրենիքում տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և համայն հայությունը ոտքի կանգնեցին՝ կյանքի կոչելու democratia բառն իր ողջ էությամբ՝ իշխանությունը վերադարձնելով ժողովրդին: Այն ուղին, որ Հայաստանը բռնեց սրանից մեկ տարի առաջ՝ հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու հիմնարար ազատությունների պաշտպանությանը և իրավունքի գերակայությանը, այլևս անշրջելի են նորագույն Հայաստանի պատմության մեջ: Դրա հաստատումն էին նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացան միջազգային դիտորդական առաքելությունների ամենաբարձր գնահատականին: Եվ ահա, ինձ համար մեծ պատիվ է որպես նոր գումարման Ազգային ժողովի նախագահ՝ առաջին պաշտոնական այցերից մեկը կատարել հենց եղբայրական Կիպրոս: Թավշյա հեղափոխության առաջին օրերին հայտարարվել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չեն ունենալու արմատական փոփոխություններ, և բնականաբար մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-կիպրական արդեն իսկ ամուր հարաբերությունները, որոնք ուղղակիորեն այլընտրանք չունեն: Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահավետության ընկերներ և իսկական ընկերներ: Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ և կիպրացի ժողովուրդներն իսկական ընկերներ են, և Հայաստանն ու Կիպրոսն իսկական ընկերներ են: Դարեր շարունակ հայերը և կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, և այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն՝ դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը: Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք՝ սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում: Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարևան հանրապետության ղեկավարության կողմից: Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրների շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է ու բերում է տարածաշրջանում անկայունության և ռազմական հակամարտության շարունակականության: Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձևաչափը: Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, և հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Մեզ համար անգնահատելի է եղբայրական Կիպրոսի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում: Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեև առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը և Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ մենք լիովին սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման և Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով: Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է և դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Թուրքիայի կողմից դրսևորված նման ապակառուցողական և անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը: Մեր բարեկամ Կիպրոսն իր կարևորագույն դերն է ունեցել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Այսօր, ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին և վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին: Ցանկանում եմ իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել Կիպրոսի բարձր ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Ձեզ նախորդած հարգարժան խոսնակ Յանակիս Օմիրուի, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության համար: Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի նաև հայ համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ և պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին՝ այդ հայերին պատսպարելու և իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու ու արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ Կիպրոսի հայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունենում երկրի հասարակական և քաղաքական կյանքում, Կիպրոսի զարգացման մեջ: Ինձ համար հպարտության առիթ է նաև այս բարձր ամբիոնից երախտագիտությամբ նշել Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի Պետական ներկայացուցիչ՝ մեր հարգարժան հայրենակից Վարդգես Մահտեսյանի անգնահատելի ավանդն ու անձնվեր գործունեությունը: Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը, սիրելի՛ հայրենակից, և հպարտանում ենք Ձեզնով: Գալով մեր օրերին՝ ուզում եմ նշել՝ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորմամբ: Վերջին քառորդ դարում մենք կարողացել ենք զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ մենք դեռևս չենք օգտագործել երկու երկրների միջև փոխգործակցության ողջ ներուժը: Խոսելով արդեն ապագայի պլաններից, պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Եվ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ: Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարևոր ձևաչափ է: Չափազանց կարևորում եմ նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջև բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը: Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի և ապագայի մասին իմ պատկերացումները: Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման և պահպանման: Զիտո՛ Կիպրոս, Զիտո՛ Արմենիա, Կեցցե՛ հայ - կիպրական հարատև բարեկամությունը»,-նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը»:

Նմանատիպ նյութեր