211652_close_icon
views-count2862 դիտում article-date 11:15 05-07-2019

Մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները. վարչապետի ուղերձը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը: Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին: Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելու Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։ Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»։

Նմանատիպ նյութեր