211652_close_icon
views-count814 դիտում article-date 11:38 05-07-2019

Հրայր Թովմասյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա մղած պայքարի կենսագործումն անխզելիորեն փոխկապակցված են օրենքի գերակայության հաստատման հետ: Գերակայություն, որի տառի պահպանումը պարտադիր կլինի բոլորի և յուրաքանչյուրի համար, որը բարձրագույն արժեք կլինի ոչ միայն օրվա իշխանության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը: Իմ խորին համոզմամբ՝ ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում: Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այս գաղափարով և միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման և փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն: Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, և այսօր` Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ Սահմանադրության»։

Նմանատիպ նյութեր