211652_close_icon
views-count982 դիտում article-date 20:28 04-07-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների. քննարկել են երեխաների լսողության վերականգնմանն ուղղված ներկայիս ծրագրերն ու առաջիկա անելիքները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր երկար տարիներ Հայաստանում արվող բացառիկ վիրահատությունների շնորհիվ իրականացնում են կոխլեար իմպլանտացիա ու վերականգնում խնդիրներ ունեցող երեխաների լսողությունը: Վիրաբույժ Ակիրա Իշիյաման ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել Հայաստանում և օգնել հայ երեխաներին: «Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի գործընկերների հետ: Իմ նպատակն է ոչ միայն շարունակել համատեղ աշխատանքը՝ օգնելու երեխաներին, բարելավելու վիրահատական որակները, այլև հայկական թիմի հետ իրականացնելու օտոլոգիայի հետազոտական ծրագրեր»,- նշել է նա: Զրուցակիցները քննարկել են երեխաների լսողության վերականգնմանն ուղղված ներկայիս ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բժիշկներին երեխաների լսողության վերականգնման կարևոր առաքելության իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր