211652_close_icon
views-count1194 դիտում article-date 19:04 04-07-2019

Նշվել է հայկական երաժշտական արվեստի վաստակաշատ երախտավորի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրել էին հայ դիրիժորական արվեստի ամենաավագ ժամանակակցի, հայկական երաժշտական մշակույթի վաստակաշատ երախտավորի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգ։ Յուրի Դավթյանը որպես երաժիշտ ձևավորվել է մեծերի ժամանակ ու մեծերի կողքին, և մեծահամբավ պրոֆեսորը տասնամյակներ շարունակ այդ մեծերի մասնագիտական պատգամները փոխանցում է երիտասարդ սերնդին։ Յուրի Դավթյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է։ Իր կյանքի 50 տարիների ընթացքում նա եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորը, որից 20 տարի՝ գլխավոր դիրիժորը։ Նա եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն ու դիրիժորը։ Յուրի Դավթյանը մեր երաժշտական կյանքի խորհրդանիշներից է։ Յուրի Դավթյանի հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Ուղերձը երեկոյի ընթացքում ընթերցեց նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախարարի շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշված էր. «Երկար տարիներ ղեկավարելով Հայաստանի տարբեր նվագախմբեր՝ Ձեր բազմամյա դիրիժորական գործունեությամբ մեծ նպաստ եք բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը և Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը։ Անգնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը։ Լինելով հմուտ մանկավարժ՝ տարիներ շարունակ կրթել և դաստիարակել եք երիտասարդ սերնդին՝ հարթելով նրանց ճանապարհը դեպի մեծ բեմեր»։ Յուրի Դավթյանն իր մասնագիտական կյանքում առանձնացնում է օպերային թատրոնում աշխատած տարիները. իր մանկավարժական գործունեությունը, սաներին, որ այսօր տարբեր երկրներում են հանդես գալիս։ «Ցանկացած ուսուցչի համար մեծ երջանկություն է՝ տեսնել բեմում երաժիշտների և գիտակցել, որ նրանց կայացման գործում ինչ-որ մասնիկ դու ես ներդրել»,- ասում է մաեստրո Դավթյանը՝ նաև իր երախտիքի խոսքը հղելով իր մեծ ուսուցչին՝ լեգենդար Կոնստանտին Սարաջևին։ Յուրի Դավթյանի հոբելյանական երեկոն ղեկավարեցին ինքը՝ հոբելյարը, նրա տարբեր սերունդների աշակերտները՝ որդին՝ Հայկ Դավթյանը, Սերգեյ Սմբատյանը և Նիկոլայ Պողոսյանը։ Հայկ Դավթյանը հիշում է, որ հայրը՝ որպես մանկավարժ, չափազանց խստապահանջ էր, հատկապես իր նկատմամբ։ Նա նաև նկատում է, որ դիրիժոր Յուրի Դավթյանին դասերի ժամանակ ինքը հասկանում էր շատ հեշտությամբ, ներքին մի ձայնով, շատ դեպքերում նույնիսկ ժեստերով՝ ձեռքի շարժումներով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, խոսելով ուսուցչի մասին, նշում է, որ Յուրի Դավթյանն իր կյանքում մեծագույն դեր ունի. «Նա մեր օրերի լեգենդ է։ Նրա հետ շփումը, նրա փոխանցած ինֆորմացիան և գիտելիքները հսկայական, անհավանական ուժ են և ժառանգություն ինձ համար և իմ ընկերների համար»։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Հայկ Դավթյանը (ջութակ), Նունե Արզումանյանը (դաշնամուր), Արսեն Գևորգյանը (բարիտոն), Քրիստինե Սահակյանը (մեցո-սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Գևորգ Դավթյանը (տենոր)։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր