211652_close_icon
views-count608 դիտում article-date 14:37 04-07-2019

Հանրային խորհուրդը նոր կանոնադրություն կունենա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հանրային խորհրդի կանոնադրությունը։ Հանրային խորհուրդը լինելու է Կառավարության խորհրդակցական մարմին, որը հիմնված է լինելու կամավորության սկզբունքի վրա։ Ըստ կանոնադրության՝ խորհրդի գործունեության կարգը, ինչպես նաև խնդիրները և գործառույթները սահմանված են «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Խորհրդի գործունեությունն իրականացվում է խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների նիստերի միջոցով: «Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ Խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով Խորհուրդը, ներգրավելով մասնագետների, կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Խորհրդի յուրաքանչյուր նիստ, բացառությամբ Խորհրդի առաջին նիստի, սկսվում է oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ Խորհրդի նախագահի զեկուցմամբ: Նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի անդամներից տարիքով ավագը: Խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին անդամներին և նիստին մասնակցող այլ անձանց նիստն անցկացնելուց 3 օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է Խորհրդի նախագահը` ծանուցումն ուղարկելով վերջիններիս տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով: Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ Խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Յուրաքանչյուր նիստից առաջ Խորհուրդը որոշում է, թե իր անդամներից ով պետք է արձանագրի նիստը: Նիստի արձանագրությունը ստորագրում են Խորհրդի նախագահը և արձանագրությունը կազմած անդամը»,- նշված է Կանոնադրության մեջ։

Նմանատիպ նյութեր