211652_close_icon
views-count2876 դիտում article-date 11:15 04-07-2019

Ինչպես կարելի է ապրել առանց ծանոթ-բարեկամին «լավություն անելու», «մաղարիչի», «ջիգյարի» և «ախպերության»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քրեաօլիգարխիկ, կոռուպցիոն համակարգը իր ներկայիս «դասական» տեսքով կերտել է Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, դրա սաղմերը, ներառյալ ընտրությունների կեղծումը, կային նաև 90-ական թվականներին: Բայց այն ժամանակ դա տեղի էր ունենում տարերային ձևով՝ խորհրդային համակարգի քայքայման, սեփականության վերաբաշխման, մարտական ակտիվ գործողությունների և պատերազմի որոշ մասնակիցներին «երես տալու» և անպատժելիության ֆոնի վրա: «Համակարգային մոտեցմամբ» գործին ձեռնամուխ է եղել Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն հատուկ վճռականությամբ և կազմակերպչական ունակություններով: Առաջին դեմքն էր որոշում, ով պետք է զբաղվի բիզնեսով, ով՝ ոչ, ով որքան պետք է հարստանա, ով երբ, որքան և ում պետք է «մուծվի», ինչ պետք է հաղորդեն հեռուստաընկերությունները, ինչ իրավունք չունեն հաղորդելու և այլն: Սերժ Սարգսյանը, պահպանելով համակարգը, փորձեց «պտուտակները թուլացնել», բայց դա, ի վերջո, բերեց իշխանափոխության: Ահա այս համակարգն է, որ Փաշինյանը և նրա թիմը անկեղծորեն ցանկանում են կազմաքանդել: (Երբ նրանք ասում են, որ այն արդեն իսկ կազմաքանդվել է, դա, իմ կարծիքով, ավելորդ լավատեսություն է՝ եթե նախարարներն ու այլ բարձր պաշտոնյաները կաշառք չեն վերցնում, դա չի նշանակում, որ համակարգն այլևս գոյություն չունի): Ինչպես կազմաքանդել՝ իհարկե, բարդ հարց է, որի ամբողջական պատասխանը ես, բնականաբար, չգիտեմ. ընդհանրապես, «ճանապարհային քարտեզի» համար մեկ մարդու գիտելիքը չի կարող բավարար լինել: Բայց ինձ թվում է, նախևառաջ պետք է հասկանալ, թե ում վրա է հիմնված այդ համակարգը: Եվ այդ առումով, կարծում եմ, ներկայիս իշխանությունը սխալ թիրախներ է ընտրել: Համակարգի «սյուները» Երկրորդ և Երրորդ նախագահը կամ նրանց շրջապատը չեն, նախկին իշխանավորները չեն, ՀՀԿ-ն չի. պետք չէ իրավիճակը պարզունակ ներկայացնել՝ ծափահարությունների արժանանալու համար: Համակարգի սյուներն են՝ ներկայիս բյուրոկրատիայի հազարավոր ներկայացուցիչները, ինչպես նաև տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է ապրել առանց ծանոթ-բարեկամին «լավություն անելու», առանց «մաղարիչի» և «բախշիշի», առանց «ջիգյարի», «մարդկության» և «ախպերության»: Քրեաօլիգարխիկ համակարգի սոցիալական, հոգեբանական արմատները ոչ թե 28 տարվա, ոչ թե տասնամյակների, այլ դարերի պատմություն ունեն: Եվ հիմքն այստեղ արժեքային համակարգն է, գաղափարախոսությունը՝ որքան էլ ներկայիս իշխանությունը չսիրի այդ բառը: Չխորանանք Եվրոպայի, Օսմանյան և Ռուսական կայսրությունների պատմության մեջ. պարզապես հաշվի առնենք, որ երևույթներն ավելի բարդ են, քան թվում է առաջին հայացքից: Համակարգը գնահատելու առումով, ինձ թվում է, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ավելի իրատեսական մոտեցում ունի, քան նրա ընդդիմախոսները՝ իր կուսակցության ներսում և դրանից դուրս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր