211652_close_icon
views-count1558 դիտում article-date 22:56 03-07-2019

Պատրաստ ենք Եվրամիության հետ աշխատել մեր երկկողմ օրակարգի ընդլայնման, խորացման ուղղությամբ. ԱԳՆ մամուլի խոսնակ

[b]ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ[/b] Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ Արտաքին գործերի նախարարությունում: Այս անգամ փորձեմ ելույթս փոքր-ինչ այլ ձև կառուցել: Սկզբում կամփոփեմ անցած ամսվա մի քանի միջոցառումներ, այնուհետև կներկայացնեմ նախարարի առաջիկա օրակարգը և հանդես կգամ մի քանի հարցերի շուրջ մեկնաբանություններով: Ամփոփելով ամիսը. ինչպես գիտեք, հունիսի 13-ին Բրյուսելում արտաքին գործերի նախարար Մնացականյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Հունիսի 17-ին Երևանում տրվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հունիսի 18-20-ը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախարար Մնացականյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան մի շարք ղեկավարների հետ: Իսկ հունիսի 20-ին, ինչպես տեղյակ եք, կայացել է հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի հետ: Օրերս նաև Հայաստանում էր Մալթայի ԱԳ նախարարը, որի այցը, բնականաբար, բոլորդ լուսաբանել եք, և այցի ամփոփումը եղել է արտգործնախարարների կողմից համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հունիսի 28-ին մենք տեղեկացրել էինք, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ: Քանի որ լինում են բավական մեծ քանակությամբ հարցումներ, ուղղակի ցուցակն ամբողջությամբ ներկայացնեմ: Մինչ այժմ ԵՄ անդամ երկրներից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական գործընթացն ավարտելու մասին ԵՄ խորհրդին արդեն իսկ տեղեկացրել Է ԵՄ անդամ 13 պետություն՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան: Կիպրոսի հետ միասին համաձայնագիրը վավերացվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի, Չեխիայի Պատգամավորների պալատի, Շվեդիայի խորհրդարանի կողմից և անցել է վավերացման հաջորդ փուլին: Հունիսի 28-ին Հայաստանը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, նախաձեռնել էր ս.թ. մարտի 16-ին ապօրինաբար ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու հանձնումը Ադրբեջանին, և նշյալ քաղաքացին հանձնվել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և Ադրբեջանի իշխանություններին: Սա եղել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունը՝ միջազգային մարդասիրական նորմերից ելնելով, և այս նախաձեռնությանը Հայաստանը գնացել է առանց որևէ նախապայմանի: Նույն օրը ադրբեջանական իշխանությունների կողմից Հայաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչներին և Հայաստանի իշխանություններին է փոխանցվել 2017թ. չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: Նախարարի առաջիկա օրակարգի մասով նշեմ, որ վաղը՝ հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարարն աշխատանքային այց է կատարելու Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու Արցախի ղեկավարության հետ: Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Մնացականյանը Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այնտեղ նախատեսված են նաև շփումներ մի շարք գործընկերների հետ: Հուլիսի 10-ին ԱԳ նախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բաթումիի 16-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու համապատասխան ելույթով: Այժմ որոշ պարզաբանումների հետ կապված: Ինչպես գիտեք, հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր, ի շարք այլ պետությունների, ապրիլին ստացել էր նաև ՀՀ պատվիրակությունը: Եվ այս առնչությամբ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ երաշխիքներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և ընդհանրապես ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այդ երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը և խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ: Մենք այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ ենք եղել քարտուղարության հետ, և քարտուղարության կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները: Սակայն ի հեճուկս գործադրված ջանքերի՝ միջոցառումից 2 օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում, ըստ էության, Ադրբեջանը, հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ՝ ՀՀ պատվիրակության անարգել մուտքը երկիր և մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար: Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացումը: Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրությունը հրավիրել այդ արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ: Մյուս մեկնաբանությունը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ին է վերաբերում: Ադրբեջանական մամուլում որոշակի տեղեկատվություն շրջանառվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ: Այս առնչությամբ մենք թեև արել ենք պաշտոնական հայտարարություն, բայց դեռևս շահարկումներն այս թեմայի շուրջ շարունակվում են, ուստի նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչը, լուրը հրապարակվելուն պես, անմիջապես կապ է հաստատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրնեստո Օտտոնեի հետ, և վերջինս հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող տեղեկատվությունը՝ Արցախ առաքելություն ուղարկելու մասին: Օտտոնեն նշել է, որ ինքն, ի պատասխան հնչեցրած հարցին, ընդհանրապես խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ առաքելություններ ուղարկելու պրակտիկայի մասին և նշել, որ տվյալ առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը համապատասխան դիմում ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ: Նա նաև նշել է, որ առաքելությունների իրականացման համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության միջոցներ: Արցախ առաքելություն ուղարկելու մասին իր կողմից որևէ խոսք չի եղել։ Օտտոնեն նաև նշել է, որ իր մեկնաբանությունը եղել է շատ պարզ և չպետք է որևէ տարընթերցման տեղիք տար: Եվ երրորդ մեկնաբանությունը կապված է Լեհաստանի դեսպանության հետ առաջացած միջադեպի առնչությամբ «Հետք» լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվության հետ: Ինչպես նշել էինք «Հետք» լրատվամիջոցին, այս հարցը մենք դիտարկում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում, և այդ գործընթացի որևէ դրույթների կատարման ուղղությամբ թերացումները մեզ համար անընդունելի են, և մենք խստորեն ենք անդրադառնում այս հարցին: Հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումների համար, և իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը: Նշեմ, որ ԵՄ հետ հարաբերություններում մենք մշտապես ընդգծում ենք մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը, և մշտապես հետամուտ ենք լինելու այս հարցում: Եվ մեկ հայտարարություն, որն ինձ խնդրեցին ներկայացնել, քանի որ կարևորվում է այս միջոցառումը: Դա հուլիսի 10-ից 24-ը ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության կողմից ԱԳՆ դիվանագիտական դպրոցի աջակցությամբ անցկացվելու է արտաքին հարաբերությունների ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման դասընթաց: Դասընթացին արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային կառույցների մասին “off the record” բաց զրույցով հանդես կգան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները: Ուստի կխնդրենք բոլոր այն լրագրողներին, ովքեր հետաքրքրված են տվյալ դասընթացով, մինչև հուլիսի 8-ը գրանցվել: Իմ կողմից այսքանը, այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին: «Սպուտնիկ Արմենիա»․ Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ Ադրբեջանը Ֆրանսիայից պատրաստվում է զենք գնել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը։ Շնորհակալություն։ [b]Աննա Նաղդալյան[/b]․ Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մենք մշտապես նշել ենք, որ հետամուտ ենք լինելու այդ հարցին և այդ հարցը մշտապես բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, նշեմ, որ Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը, հատկապես ռազմարդյունաբերական ոլորտում, մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի Հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան Ադրբեջանին երբևէ չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որ Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ըստ այդմ՝ նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը։ «Արմենպրես» լրատվական գործակալություն. Զոհրաբ Մնացականյանը այցելելու է Արցախ: Արդյո՞ք սա նշանակում է, որ արցախյան կողմին փոխանցվելու են վաշինգտոնյան արված առաջարկությունները համանախագահների կողմից: [b]Աննա Նաղդալյան[/b]․ Շնորհակալություն: Ինչպես նշեցի, իրապես վաղը մեկնարկելու է Արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցելությունն Արցախ: Այցի շրջանակներում նախարարը հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ, ինչպես նաև Պարգև Սրբազանի հետ է հանդիպում նախատեսված: Տեղի են ունենալու նաև մի շարք այլ միջոցառումներ այցի շրջանակներում: Եվ, եթե նկատել եք, սա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ կամ հետո. լինի դա թե՛ Արցախի արտգործնախարարի այցերը Հայաստան, թե՛ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցերը Արցախ: Եվ սա բխում է Արցախն առավել ներգրավված պահելու գործառույթն իրականացնելու մեր նպատակից: Սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին: Եվ, բնականաբար, այս հանդիպման ընթացքում Արցախի ղեկավարության հետ անդրադարձ է կատարվելու նաև վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին: «Շանթ հեռուստաընկերություն». Հարցս վերաբերում է ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովում հայ-ադրբեջանական օրակարգին: Վերջին նստաշրջանից հետո հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը հրաժարվելու է դրանից, այսինքն՝ ԵԽԽՎ այլևս չի լինելու հայ-ադրբեջանական բախման հարթակ և այլն: Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ բացասական հետևանքներ կարող է բերել, երբ Ադրբեջանի կողմից սադրիչ հայտարարություններ հնչեն ու դրանք չստանան համարժեք պատասխաններ: Ու ինչպե՞ս է այդ դեպքում Հայաստանը ներկայացնելու իր արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը ԵԽԽՎ-ում: Շնորհակալություն: [b]Աննա Նաղդալյան[/b]․ Կներեք, ես տվյալ հայտարարությանը տեղյակ չեմ, որ նման բան է նշվել: Երևի, իմ բացթողումն է, բայց ես այդ հայտարարության բուն տեքստին տեղյակ չեմ: Բայց նշեմ, որ ԵԽԽՎ խորհրդարանական հարթակ է, և մենք՝ որպես արտաքին գործերի նախարարություն և իշխանության մի թևի ներկայացուցիչ՝ լիովին հարգում ենք իշխանության մյուս թևերի գործունեության անկախության սկզբունքը: Եվ քանի դեռ ամբողջությամբ չեմ տեսել այդ հայտարարությունը, որևէ մեկնաբանությամբ զերծ կմնամ: Այդ հարցի պատասխանատուն խորհրդարանական հարթակն է: «Շանթ հեռուստաընկերություն». Պատգամավորների կողմից հնչում են այդ հայտարարությունները: [b] Աննա Նաղդալյան[/b]․ Ես պետք է տեսնեմ՝ ինչի մասին է խոսքը, և դա խորհրդարանական հարթակ է, իսկ իշխանության թևերի տարանջատման սկզբունքը մենք խստորեն պահպանում ենք: ParaTV․ Հարցս վերաբերում է համանախագահների վերջին հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» եզրույթին, հերթական անգամ է այդ եզրույթն ընդգրկվում։ Արդյո՞ք այս փուլում անցնելու ենք «բովանդակային բանակցությունների»։ Եվ երկրորդ հարցը․ Զոհրաբ Մնացականյանը նշել էր «Դուշանբե պլյուս»-ի մասին, ի՞նչ է դա նշանակում։ [b] Աննա Նաղդալյան[/b]․ Շնորհակալություն։ Առաջին հարցի առնչությամբ նշեմ, որ իրապես համանախագահների բառապաշարում առաջին անգամ չի օգտագործվում այս եզրույթը և, եթե նկատել եք, այս հայտարարության մեջ «բովանդակային բանակցություններ» եզրույթը կիրառվում է նման բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության համատեքստում։ Այսինքն՝ դա նշանակում է, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել նման միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Եվ այդ գործընթացում առաջնայինը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է, այդ թվում ռիսկերի նվազեցման և միջադեպերի հետաքննման և դրանց արձագանքման մեխանիզմների, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման միջոցով։ Այս ամենը, ինչպես գիտեք, ամրագրվել է Դուշանբեի հանդիպման ժամանակ, մինչ այդ ամրագրվել է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ։ Մենք նշել ենք, որ դրանք մեզ համար շարունակում են մնալ առարկայական։ Երկրորդ հարցի առնչությամբ, թե ինչ է նշանակում «Դուշանբե պլյուս»։ Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արվել է հանդիպմանը նախորդաց ժամանակաշրջանում իրադրության լարվածության թուլացմանը և վերադարձին այն իրավիճակի, որը հնարավոր էր եղել ձևավորել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։ Ինչպես հիշում եք, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որն իր մեջ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման տարրեր է պարունակում։ Եվ ուստի այժմ այդ մեխանիզմն ամրապնդելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նաև հրադադարի ռեժիմը։ Այս ամենի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել այս տարվա Վիեննայի, ինչպես նաև 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է մեզ համար, քանի որ մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում։ Այն ենթադրությունը, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է, որովհետև Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից։ Սակայն սա չի նշանակում, որ խաղաղության համար Հայաստանը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարը հնարավոր է, բացառվում է և իրականությանը չի համապատասխանում։ Հանրային հեռուստաընկերություն. Երկու հարց. Եվրամիության գործադիր մարմինը ենթարկվում է վերափոխումների, նոր ղեկավարություն, քաղաքական ավանդական դաշտից նոր խաղացողների ենք հանդիպում այժմ: Ինչպե՞ս է մեր Արտգործնախարարությունը փորձում ներկայացնել ՀՀ անվտանգային միջավայրին սպառնացող խնդիրները, ինչպես Դուք քիչ առաջ նշեցիք, մասնավորապես նաև Ղարաբաղյան հիմնախնդրին է վերաբերում, և արդյո՞ք ակնկալում եք նոր ղեկավարությունից որևէ փոփոխություն Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ: Սա առաջին և երկրորդ. Արդյո՞ք մինսկյան եռանախագահության առաջիկա այց տարածաշրջան նախատեսվում է, ե՞րբ է սպասվում և վաշինգտոնյան հայտարարության ավարտին ինչ-որ, այսպես ասած լեզվակռիվ տեղի ունեցավ մեր արտգործնախարարության մամուլի խոսնակի և Մամեդյարովի միջև, որևէ փոփոխություն կա դրանից հետո թե՞ ոչ: [b]Աննա Նաղդալյան[/b]․ Հերթով անդրադառնամ: ԵՄ ընտրություններից հետո, ԵՄ գործադիր մարմինների ձևավորման գործընթացը, որին ես հետևում էի մինչև մամուլի ասուլիսը, դեռևս չի ավարտվել, գործընթացը շարունակվում է, ընտրությունները շարունակվում են: Բնականաբար, մենք հետևում ենք ընտրություններին, և ԵՄ ուղղությամբ մեր հարաբերությունների զարգացումը և ԵՄ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և ամբողջ գործընթացի ավարտից հետո, վստահ եղեք, համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Հավելեմ, այդ ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվում են: Մենք ուշադրությամբ հետևում ենք և պատրաստ ենք ԵՄ հետ, և փոխադարձ է այդ պատրաստակամությունն՝ աշխատել մեր երկկողմ օրակարգի ընդլայնման, խորացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան, նման այցի լինելու պարագայում մենք նախապես հայտնում ենք: Այս պահի դրությամբ, ես նման տեղեկատվություն չունեմ: Արդեն առաջիկա օրերի օրակարգը ներկայացրի, և նման այց ամրագրված չէ: Վաշինգտոնյան հանդիպումից հետո տեղի ունեցած հայտարարության ԱԳՆ արձագանքն իր խոսքում ամփոփեց նաև Արտաքին գործերի նախարարը Մալթայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ մենք այս գործընթացում որպես հիմք ենք ընդունում Ադրբեջանի արտգործնախարարի հունիսի 24-ին «Azertag» գործակալությանը տրված հարցազրույցը, և այս հարցով զերծ կմնամ որևէ այլ մեկնաբանությունից, քանի որ Արտգործնախարարն արդեն անդրադարձել է այդ հարցին: «Արմինֆո» լրատվական. Ես կցանկանայի իմանալ ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, քանի որ կարծիքներ են շրջանառվում (քանի որ քվեարկությունը փակ է),որ Հայաստանը դեմ կքվեարկի ընտրված թեկնածուին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրը: [b]Աննա Նաղդալյան[/b]․ Իրապես, քանի որ ԵԽ գլխավոր քարտուղարի քվեարկությունը տեղի է ունենում նախարարների կոմիտեում՝ կառավարության մակարդակով, դրանք փակ են, և քվեարկության մասին որևէ տեղեկատվություն չեմ կարող ասել: Նշեմ, որ Հայաստանի կառավարությունը ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածուի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է հենց այդ քվեարկությամբ, և Հայաստանը հայտարարել է, որ երկու թեկնածուներին էլ՝ Բելգիայի վարչապետ Դիդիեր Ռեյնդերսին և Խորվաթիայի արտգործնախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին գնահատում է որպես բարձրակարգ թեկնածուներ, ովքեր ունեն անհրաժեշտ ուժը և փորձառությունը՝ լավագույնս ղեկավարելու կազմակերպությունը: Արտաքին գործերի նախարարն արդեն իսկ շնորհավորել է իր գործընկերոջը՝ Մարիա Պեյչանովիչ-Բուրիչին՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում, սերտորեն համագործակցել գլխավոր քարտուղարի հետ՝ խթանելու Եվրոպայի խորհրդի արժեքները՝ ինչպես ազգային, այնպես էլ համաեվրոպական մակարդակում, ինչպես նաև ամրապնդել վերջինիս ազդեցությունը միջազգային հարթակում: Armdaily.am. Նախ, ուզում էի տեղեկություն ստանալ, արդյոք ԵԽԽՎ ԱԺ պատգամավորի Ռուսաստանի դեմ քվեարկությունից հետո մամուլում խոսակցություններ էին պտտվում, որ Ռուսաստանը պատրաստվում է բողոքի նոտա հղել Արտաքին Գործերի նախարարությանը, արդյո՞ք նման բան եղել է: Եվ օրերս հարցազրույցում Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո այնտեղի սփյուռքահայերից մեծ ակտիվություն է նկատվում, ովքեր ցանկանում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Թվեր կնշե՞ք, կհրապարակե՞ք: Եվ ակտիվությունը միայն Ամերիկայից է զգացվում: Մյուս երկրներում կա՞ նման ակտիվություն, թե ոչ: Շնորհակալություն: [b]Աննա Նաղդալյան[/b]․ ԵԽԽՎ-ում քվեարկության առնչությամբ պարզաբանմամբ հանդես են եկել և՛ պարոն Ռուբինյանը, և՛ ռուսական պատվիրակությունը: Եվ այս առումով թեման կարելի է սպառած համարել, որովհետև իրենք համապարփակ ներկայացրել են՝ ինչ է տեղի ունեցել, ինչպես են դա գնահատում: Իսկ ինչ վերաբերում է՝ ԱԳՆ նոտա ստացել է, թե ոչ, ո՛չ, ԱԳՆ նոտա չի ստացել: Իսկ պարոն Բայբուրդյանի հարցազրույցից, բնականաբար, տեղյակ եմ, բայց, քանի որ ոլորտն իմ մասնագիտականը չէ, կխնդրեմ՝ ինձ ասուլիսից հետո գրավոր հիշեցնեք, որպեսզի ես կարողանամ թվերը համապատասխան վարչությունից վերցնել, որովհետև անձամբ չեմ հիշի թվերը՝ թե որքան քաղաքացիության հայտ է ներկայացվել և արդյոք որ երկրից որքան է ներկայացվել: Բայց եթե գրավոր հարցում ուղարկեք, կփորձեմ Ձեզ մինչև ուրբաթ օրը պատասխանել: Armdaily.am. Իսկ մյուս երկրների՞ց։ [b]Աննա Նաղդալյան[/b]. Նույնն է, ես պետք է հյուպատոսական վարչությունից իմանամ, քանի որ ամենօրյա կարգավիճակով այդ թվերին չեմ ծանոթանում: Ուղղակի հարցում ուղարկեք և կպատասխանենք: Ազատություն ռադիոկայան. Երկու հարց ունեմ. դուք Ձեր խոսքում ասացիք հենց նոր, որ Դուշանբեյում ձեռք բերված այդ ուղիղ կապի հնարավորությունը կարծես պետք է ամրապնդվի: Մի փոքր խմդրում եմ մանրամասնել, թե ինչ նկատի ունեք: Եվ երկրորդ, Բելառուսի անկախության օրվա միջոցառումներին, զորահանդեսին մասնակցելու է նաև Ադրբեջանի պատվիրակությունը: Որքան հասկանում ենք Ադրբեջանական որևէ ստորաբաժանում է մասնակցելու: Հայաստանը փաստացի պատերազմական վիճակում է գտնվում Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ դաշնակից պետությունը հրավիրում է զորահանդեսին, ի՞նչ պատկերացում ունեք այդ փաստի հետ կապված, շնորհակալություն: [b]Աննա Նաղդալյան․[/b] «Դուշանբե պլյուսի» առնչությամբ ես արդեն նշեցի, որ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր է եղել հաստատել օպերատիվ կապ, որն իր մեջ ինչ-որ չափով պարունակում է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի տարրեր, և այժմ անհրաժեշտություն է առաջացել ամրապնդելու այդ մեխանիզմը, այն է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմը: Դրա շուրջ պայմանավորվածությունները մենք ձեռք ենք բերել դեռևս 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, խոսքը վերաբերում էր դրան, և դրանից ավելի պարզ, կներեք, ուղղակի չեմ կարող ասել, թե ինչի մասին է խոսքը: Իսկ Բելառուսի զորահանդեսի Ադրբեջանի մասնակցության առնչությամբ, դա որևէ երկրի սուվերեն իրավունքն է իր երկրում իրականացվող միջոցառումներին հրավիրել ցանկացած գործընկերոջ: Իսկ եթե Ձեզ հետաքրքրում է, թե արդյոք հայկական պատվիրակությանը հրավիրել են թե չէ, ես կփորձեմ հնարավորինս շուտ ճշտել: Թե որևէ հրավեր եղել է հայկական պատվիրակությանը՝ նման միջոցառմանը մասնակցելու, թե ոչ: Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված Դուք նշեցիք, որ արդեն արձագանք լինելու է, բայց դրա նախորդ փորձը տեսնելով՝ տրամաբանական էր, որ նման իրավիճակ կստեղծվի, հայկական կողմը ի՞նչ կարող է անել կամ եթե արել է, խնդրում եմ այդ մասին բարձրաձայնել, որպեսզի հեղինակություն ունեցող նման միջոցառումները չանցկացվեն Բաքվում, նկատի ունեմ այդ բողոքը նախորոք տեղ հասցնենք: [b]Աննա Նաղդալյան[/b]․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կոմիտեում Հայաստանն անդամ չէ, հանդիսանում է դիտորդ, քանի որ 198 անդամ պետություններից ընտրվել են 23: Ձեր բարձրաձայնած հարցը մշտապես մեր օրակարգում է, որպեսզի անարգել ապահովվի մեր մասնակցությունը բոլոր միջոցառումներին: Ինչ վերաբերում է նախապես բողոք ներկայացնելուն, Հայաստանն այս պարագայում հյուրընկալող պետության ընտրության գործընթացին որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ կոմիտեի անդամ հանդիսացող 23 երկրներից յուրաքանչյուրը կարող է հայտ ներկայացնել և իրենց կողմից էլ ընտրվում է: Ուստի այս պարագայում, եթե խոսենք մի քիչ ավելի իրատեսականի շրջանակներում, Հայաստանն արել է իր կողմից առավելագույնը: Ժամանակին հայտ է ներկայացրել, որ ստանա անվտանգության լրացուցիչ երաշխիքներ և դրանք չստանալուն պես բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին: Եվ հավատացեք, որ մենք այս հարցը մշտապես բարձրաձայնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր կառույցների շրջանակներում:

Նմանատիպ նյութեր