211652_close_icon
views-count60272 դիտում article-date 13:36 03-07-2019

«Դու մեռար, Պոնչ… դու քո գերեզմանը…»․ «Առավոտ»

Դատարան մուտքագրված զննության արձանագրությունը կփոխի քրեական գործի ելքը Հունիսի 28-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին էր դիմել հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդիկ Աղաջանյանը՝ խնդրելով սպասել տասը րոպե, մինչ կհասնի Կենտրոնի նստավայր: Նա իրականացնում է դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչի» պաշտպանությունը: Դատարանը կես ժամ սպասելուց հետո հետաձգեց դատական նիստը: Գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում, մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրողը, պաշտպանականով՝ պաշտպանը, եւ ըստ էության մնացել էր Վահագնի վերջին խոսքը: Մեղադրողը պահանջել է չորս տարվա ազատազրկում: Վահագն Սիմոնյանին մեղադրանք են առաջադրել 2015թ. օգոստոսի 24-ի ծեծկռտուքի համար: Ըստ մեղադրական եզրակացության, նա այդ օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի 36բ շենքի դիմաց վիճաբանել է նախկին աներոջ հարեւանի՝ Ռ.Գալստյանի հետ, որի ընթացքում. «ուղղակի դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ.Գալստյանի հասցեին, եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն գործադրել նրա նկատմամբ` պատճառելով առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նա ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ հայհոյանքներ է տվել Ռ.Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին»: Առարկան, որը նշվում էր, ենթադրյալ էլեկտրաշոկն էր, որը դատարան որպես վկա եկածները այդպես էլ ճշգրիտ չներկայացրեցին: Գործը դատարանում է 2016թ. ապրիլից: «Պոնչոյի» նկատմամբ մինչ օրս ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Գործը նախ ուղարկվել էր Էրեբունու նստավայր, ապա՝ Կենտրոնի: Դատավոր Գ.Պողոսյանը մինչ կհետաձգեր նիստը, հարցրեց, թե ինչու է նախորդ նիստից բացակայել Վ. Սիմոնյանը, վերջինս պատասխանեց, թե Դավիթաշենից ոտքով է գալիս դատարան: Դատավորը տեղեկացրեց, որ նիստից վայրկյաններ առաջ ստացվել է «զննություն կատարելու մասին» արձանագրությունը: Բնականաբար, կողմերը դեռ ծանոթ չէին այդ արձանագրությանը, եւ նրանց դիրքորոշումը պարզ կլինի հուլիսին նշանակված դատական նիստի ժամանակ: Ի՞նչ արձանագրություն էր այդ: «Առավոտի» տեղեկություններով, անցյալ տարվա նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Գալստյանը տուժող Գեւորգ Մարտիրոսյանի, իսկ այս գործով վկա, փաստաբան Գ.Մարտիրոսյանի կողմից տրամադրված տեսագրության եւ ձայնագրության լազերային սկավառակն է զննել: Այդ տեսագրությամբ եւ ձայնագրությամբ պարզ է դառնում Վահագն Սիմոնյանի եւ տուժող Ռ.Գալստյանի միջեւ կատարվածը: Ի դեպ, փաստաբանը, որը վկայություն էր տվել Վահագնի վերաբերյալ քրեական գործով, Կենտրոնի դատարանում նկարագրեց, թե ինչպես են ոտքերի տակ գցել Վահագնին, հարվածել գլխին, թե ինչպես են իրեն սպառնացել, թե ինչ վիճակում էր Վահագնը, երբ դեպքի վայրից տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայով բուժկենտրոն: Կանչը Գեւորգ Մարտիրոսյանն է արել, որն այդ օրը դերասանի հետ է եղել. նրա քաղգործով հանդիպել էին: Կենտրոնի դատարանում տուժող ճանաչված Ռ.Գալստյանը, ըստ այդ ձայնագրության եւ տեսագրության, ինքն է հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ: Նա դիմել էր Վահագնի կողքին գտնվող փաստաբանին, ասել է. «արա դու սրա հետ եկար, այ տուֆտա…դու կարաս իմ հետ վապշե հարց ունենաս էս քաղաքում…լսի, Ժիրոն իմ ընգերն ա, Փոսն իմ ընգերն ա, Ռոբոտն իմ ընգերը…»: Ուշագրավն այն է, որ նույն դեպքի կապակցությամբ մեկ այլ՝ թիվ 12183618 քրեական գործով, որը նույնպես վարել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը, որտեղ Վահագն Սիմոնյանը արդեն ճանաչվել է որպես տուժող, քննիչը համարել է, որ տվյալ դեպքում խուլիգանություն տեղի չի ունեցել եւ նույն դատախազությունը հաստատել է այդ որոշումը: Քննիչն իր որոշման մեջ մասնավորապես նշել է. «Վերը շարադրված դրվագի վերաբերյալ պետք է փաստել, որ տեղի է ունեցել միջանձնային վեճ՝ մի քանի րոպե տեւողությամբ, Ռուբեն Գալստյանի կողմից հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներն անձնավորված են եղել եւ ուղղված են եղել բացառապես Վահագն Սիմոնյանի հասցեին: Վիճաբանությանն այլ անձինք չեն միջամտել, Ռուբեն Գալստյանին ոչ ոք դիտողություն չի արել»: Մի արտառոց միջնորդություն էլ ուրբաթ օրվա նիստից առաջ դատարանի գրասենյակում մուտքագրեց փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը դատավոր Գ.Պողոսյանին: «Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԷԴ/0035/01/16 քրեական գործը: Դատարանին հայտնում եմ, որ թիվ 12183618 քրեական գործով հանդիսացել եմ տուժող: Նշված քրեական գործը անմիջական առնչություն ունի սույն քրեական գործի հետ: Թիվ 12183618 քրեական գործի քննության ընթացքում քննիչին ներկայացրել եմ տեսանյութ եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք զննության են ենթարկվել քննիչի կողմից եւ կազմվել է դրա արձանագրությունը: Նշված տեսանյութից եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ տուժող կոչվող անձ՝ Ռուբեն Գալստյանի եւ վերջինիս ընտանիքի անդամների տված ցուցմունքներն ակնհայտ սուտ են: Ուստի ելնելով վերոգրյալից, խնդրում եմ նշված թիվ 12183618 քրեական գործով տեսանյութի եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների զննություն կատարելու 28.11.2018թ. արձանագրությունը որպես ապացույց կցել սույն քրեական գործին, այն հետազոտել, ինչպես նաեւ ինձ, տուժող կոչվող անձ՝ Ռուբեն Գալստյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին հրավիրել դատարան՝ լրացուցիչ ցուցմունք եւ պարզաբանումներ ներկայացնելու համար»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ Ամբողջությամբ՝ [url=https://www.aravot.am/2019/07/03/1053354/?fbclid=IwAR0MJKrIvU4JufrGP8XRWq0tacRXMs-mcdQwHaSQDS_GZzBDfTuyeGKu7QI]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր