211652_close_icon
views-count1706 դիտում article-date 09:50 03-07-2019

Թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար․ «Ամերիկայի ձայն»

Սփյուռքի ներգրավվածությունը նոր Հայաստանի կյանքում մեծանալու է, կանխատեսում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4983928.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նրա խոսքով, եթե նախկին տարիներին Սփյուռքը հիմնականում զբաղված էր միայն Հայաստանի սահմաններից դուրս հայկական պետության շահերը պաշտպանելու հարցով, ապա այժմ իրավիճակը կարող է փոքր-ինչ փոխվել. «Կտեսնեք, թե ինչպես են սփյուռքահայերն ավելի ակտիվ ներգրավվում Հայաստանի զարգացման գործում»: Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում այդ ուղղությամբ դրական քայլերից մեկն է, նշում է Համբարյանը: «Թավշյա Հեղափոխությունը» նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար իրենց պատմական հայրենիքի ապագայի կերտմանը ավելի ակտիվ մասնակցություն ունենալու գործում, համոզված է ամերիկահայ գործարար եւ բարերար, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը: Նրա խոսքով, հատկապես կարեւոր է Սփյուռքի երիտասարդների ներգրավումը Հայաստանի կյանքում. «Երիտասարդներին պետք է ցույց տանք, թե ապագան ինչպես կարող է փոխվել դեպի լավը իրենց մասնակցությամբ եւ, որ ապագային Սփյուռքի հայերս պատրաստ ենք, որովհետեւ իբրեւ երկիր այժմ Հայաստանն ավելի պայծառ ապագա ունի»: Հայաստանի մանուկներ հիմնադրամը յուրաքանչյուր տարի Նյու Յորքում կազմակերպում է միջոցառում, որի նպատակն է՝ բարձրացնել ԱՄՆ-ի հայազգի երիտասարդների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, աջակցել նրանց կողմից Հայաստանում կամավոր աշխատանքի կատարմանը: Հայաստանի կառավարությունն այսօր լուրջ աշխատանք է իրականացնում արտերկրում բնակվող հայերին ներգրավելու համար, որը կարեւոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի թե՛ Սփյուռքի ապագայի համար, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին. «Հաշվի առնելով ժողովրդավարական փոփոխությունները, մարդկանց համար Հայաստանի կյանքում ներգրավվելու բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում»: Արդունիի խոսքով, այսօրվա Հայաստանում Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է գտնել իր տեղը, լինի դա երիտասարդ ուսանող, միջին տարիքի գործարար ու մասնագետ, թե թոշակի անցած քաղաքացի: Ոչ պակաս կարեւոր են Հայաստան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների այցերը, համոզված է Արդունին: Նրա խոսքով, Ամերիկայի հայկական համագումարը խթանելու է նաեւ այդ կարգի այցերը:

Նմանատիպ նյութեր