211652_close_icon
views-count827 դիտում article-date 21:04 02-07-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլերթի կազմակերպիչներին

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված` «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն», քայլերթի կազմապերպիչներ Փութան Վեեթիլ Ռաջագոփալանին, Աշոկ Սաջանհարին և Ջիկ Քար-Հարրիսին՝ ուղեկցությամբ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի: Հյուրերը Հայոց Հայրապետին ներկայացրեցին քայլարշավի հիմնական գաղափարները և նպատակները՝ կարևորելով կրոնների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և խաղաղ ու բարօր աշխարհի կերտման գործում: Տիար Աշոկ Սաջանհարին Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Դելիից մինչև Ժնև կազմակերպվող մեկամյա քայլերթն անցնելու է նաև Հայաստանով ու Արցախով: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց խաղաղության և ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը՝ արձանագրելով, որ այդ գաղափարները դարեր շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, Հայոց Եկեղեցու կողմից հնչեցվել` իբրև ամենօրյա աղոթք ու մաղթանք: Նորին Սրբությունը ընդգծեց նաև, որ համամարդկային այդ արժեքները առանձնահատուկ կարևորություն ունեն հայոց ազգի համար, քանի որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր հայ ժողովուրդը պայքարում է խաղաղ և ազատ ապրելու իր իրավունքի պաշտպանության համար: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտությանը և նրա խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր առաջնորդների և միջազգային հանրության ջանքերին` հույս հայտնելով, որ նման խաղաղասիրական նախաձեռնությունները ևս իրենց նպաստը կբերեն աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հնդկաստանի հայ համայնքին, հնդկահայոց հոգևոր ժառանգությանը և նրա կարևոր ներդրմանը երկրի կյանքում և հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում: Վերջում Նորից Սրբությունն բարեհաջող առաքելության իր բարեմաղթանքներն ու զորակցությունը փոխանցեց քայլարշավի կազմակերպիչներին:

Նմանատիպ նյութեր