211652_close_icon
views-count1575 դիտում article-date 14:17 02-07-2019

Սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն չարաշահումների փաստերով մեղադրանք է առաջադրվել 249 անձի

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ․ հունվարի 1-ից մինչև 2019թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիաալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը: Հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ՝ տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենաթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի, 178-րդ հոդվածի, 3111-րդ և 3121-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ընդհանուրը 166 քրեական գործ: Դրանցից 151-ը կապված են եղել սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, 6-ը՝ կենսաթոշակների տրամադրման և 9-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի հետ։ Ընդ որում՝ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում, այսինքն դրանք կրել են համատարած բնույթ: Ավելին, քրեական գործերի փաստական հանգամանքների վերլուծութամբ վեր հանված օրինաչափությունները փաստում են, որ հատկապես անապահովության նպաստների տրամադրման ոլորտում հանցավոր գործողություններն ունեցել են կազմակերպական հստակ մեխանիզմներով արմատավորված սխեմատիկ բնույթ: Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք չհանդիսացող հանրային ծառայողներն ու տարբեր աշխատակիցներ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց տարիներ շարունակ պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություններ: Բացի այդ, հարյուրավոր քաղաքացիներ, առանց վերջիններիս գիտության, ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, և վերջիններիս անվամբ պետությունից հատկացված նպաստի գումարները հափշտակվել են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերի և այլ աշխատակիցների կողմից: Այսիքն հանցավոր ոտնձգությունները մեծամաամբ կատարվել են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ։ Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել մարզպետարանների կամ քաղաքապետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետեր, գործակալությունների կրտսեր, ավագ և առաջատար մասնագետներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի տնօրեններ, փոստատարներ ու օպերատորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, ԲՍՓ գործակալության տարածքային հանձնաժողովների նախագահներ և անդամներ։ Մասնավորապես՝ հարուցված քրեական գործերով տարբեր բնույթի հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի, որից 88-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ, 8-ը՝ նույն գործակալության տարածքային բաժնի պետ և տեղակալ, 25-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 2-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, 4-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի անդամ բժիշկ-փորձագետ, 1-ը՝ ԲՍՓ բուժվիճակագիր, 8-ը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, 1-ը՝ համայնքի նախկին ղեկավար, 113-ը՝ քաղաքացի։ Նշվածներից միայն 17-ի կամ ընդամենը 7 տոկոսի նկատմամբ է որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը, որոնցից 12-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանամն միջոց գրավ: Նշված ժամանակահավտածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ: Վերջիններիցս 14-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ է, 3-ը՝ տարածքային բաժնի պետ և տեղակալ, 22-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 1 համայնքի նախկին ղեկավար և 1 քաղաքացի։ Դատարան ուղարկված քրեական գործերով 33 անձ դատապարտվել է: Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772․5 մլն ՀՀ դրամ, որից այս ընթացքում վերականգնվել է մոտ 139մլն ՀՀ դրամը:

Նմանատիպ նյութեր