211652_close_icon
views-count3268 դիտում article-date 09:27 02-07-2019

«Քանի ուշ չէ, հանե՛ք այս անհեթեթ նախագիծը, պարոնայք»․ մեդիափորձագետը՝ Արդարադատության նախարարությանը․ Factor.am

Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել օրինագծերի մի փաթեթ (https://www.e-draft.am/projects/1772), որը ի թիվս այլ օրենքների, նախատեսում է նաեւ փոփոխություններ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում՝ առաջարկելով ԶԼՄ-ներին գրանցվել (իրավաբանական մտքի գիգանտներին հնարավոր արձագանքին հակադարձելով՝ ասեմ. ես գիտեմ, որ հաշվառվել եք գրել, բայց ձեր գրածը հենց գրանցվել է նշանակում) պետռեգիստրում, փոխարենը այդտեղից տվյալները ցանկացած ժամանակ ստանալ անվճար, առանց պետական տուրք մուծելու: Լրագրողական կազմակերպությունները արդեն հանդես են եկել հայտարարությամբ (https://bit.ly/2xtW2qp), որի բոլոր դրույթների հետ տողերիս հեղինակը համաձայն է: Կարծես թե լրագրողական ողջ հանրույթի համար անընդունելի են այս փոփոխությունները, եւ բովանդակային քննարկման անհրաժեշտություն չկա: Այսուհանդերձ, կարծում եմ, հետագայում նման բաները կանխելու համար, հարկ է ցույց տալ այս օրինագծերի ողջ անհեթեթությունը: Ա) Պետռեգիստրի գրանցամատյանից տվյալների հասանելիության մասին: Այդտեղից տվյալներ ստանալու համար գումար պահանջելը ի սկզբանե ապօրինի է եղել եւ հակասել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին: Դարձյալ պիտի խնդրեմ իրավաբանական մտքի գիգանտներին «լոլոներ» չկարդալ եւ չասել, թե դա պետտուրք է եւ ոչ թե վճար: Ինչ անուն ուզում եք դրեք, դա տեղեկություն ստանալու դիմաց վճար է: Ինչո՞ւ պետք է այն վերացնել: Հատուկ օժտվածների համար մեջբերում եմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածից մի հատված. «Տեղեկատվություն տնօրինող՝ տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններ եւ դրանց պաշտոնատար անձինք»: Պետռեգիստրը պետական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է բյուջեից, այսինքն՝ մեր հարկերից, հետեւաբար «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով այն տեղեկատվություն տնօրինող է: Իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի(պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետեւյալ դեպքերում. 1) բանավոր հարցումներին պատասխանելիս. 2) մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս. 3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս»: Մնացածը չմեջբերեմ, կարեւոր չէ: Հասկացա՞ք, վճարի անունը դրել են տուրք, որպեսզի շրջանցեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը ու հիմա ասում են «Աչքներդ լույս, ԶԼՄ-ներ, ձեզ լավություն ենք անում, եկեք հաշվառվեք, ստացեք անճար…»: Ձեր այս կուտը կարող է ուտել միայն օրենքների մեջ չխորացած անձը: Իսկ խնդիրը շատ հեշտ լուծելի է. պարզապես վերացնում եք այդ անհեթեթ պետտուրքը եւ վերջ. պետռեգիստրը հավասարվում է բոլոր մնացած պետական մարմիններին ու կազմակերպություններին: Թե չէ՝ ինչո՞վ է նա առավել, ասենք, Կառավարությունից կամ հենց նույն արդարդատության նախարարությունից, որոնք տեղեկությունները, հարցման դեպքում, տրամադրում են անվճար (միչեւ 10 էջը, իսկ դրանից ավելիի համար գանձվում է միայն պատճենման ծախսը, որը ըստ կառավարության որոշման, չի կարող գերազանցել մեկ էջի համար 20 դրամը): Բ) Հիմա դառնամ մտքի գիգանտների երկնած հաշվառմանը: Հարգելիներս, դուք այս անհեթեթությունը երկնելուց առաջ կարդացե՞լ եք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը: Վստահ չեմ: Առաջարկում եք փոփոխություն օրենքի 11-րդ հոդվածում: Բայց այդ հոդվածը վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկված լրատվամիջոցներին: Ապա առաջարկում եք փոփոխություն 13-րդ հոդվածում, որը նույնպես վերաբերում է նյութական կրիչի վրա թողարկված ԶԼՄ-ներին եւ ինքներդ էլ գրում եք. «2. Նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զանգվածային լրատվության միջոցների թողարկման տվյալները գրառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում»: Բա որ ասում եմ օրենքը չեք կարդացե՞լ: Կարկառուն իրավաբանների համար մեջբերում եմ օրենքի հիմնական հասկացություններից ԶԼՄ-ի սահմանումը (3-րդ հոդված). «2) Զանգվածային լրատվության միջոց (այսուհետ՝ լրատվության միջոց)՝ լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝ – մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով՝ նյութական կրիչի վրա, որոնց միեւնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից, – հեռուստառադիոհաղորդմամբ, – հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից: Լրատվության միջոց են նաեւ լրատվական գործակալության եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները՝ ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին՝ անկախ տարածման ձեւից, թողարկման օրինակների քանակից կամ որեւէ այլ չափանիշից»: Պարոնայք, օրենքը ԶԼՄ-ների 4 տեսակ է նախատեսել, էդ ինչո՞ւ եք միայն նյութական կրիչի վրա թողարկվողները ընտրել: Այսինքն՝ մնացած երեքը դարձյալ պետտուրք պիտի մուծեն, հա՞: Էդ ո՞ւմ համար եք «լոլոներ կարդում», թե սա նախատեսված է, որ լրատվամիջոցները անվճար տեղեկություններ ստանան պետռգիստրից: Ո՞ր լրատվամիջոցները, պարոնայք: Ավարտելուց առաջ, եւս մի մեջբերում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածից. «2. Լրատվության միջոցները թողարկվում եւ տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որեւէ այլ մարմնում հայտարարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման»: Ձեր առաջարկածը այլ բան չէ, քան հաշվառման անվան տակ ընթացիկ գրանցում: Այսինքն ձեր առաջարկը հակասության մեջ է նույն օրենքի առնվազն այս հոդվածի հետ: Քանի ուշ չէ, հանե՛ք այս անհեթեթ նախագիծը, պարոնայք: [b]Մեսրոպ Հարությունյան[/b] Աղբյուրը՝ [url=https://factor.am/164503.html?fbclid=IwAR21mfdCIVMR3pir9zO7j1O5nF-VjhIWPxZAFaPrF0kyCp5ZKu_9k9S_EOA]Factor.am[/url]

Նմանատիպ նյութեր