87284 դիտում
16:54 01-07-2019
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ քաղաքացին վնասազերծել է հանցագործին, վերջինս դիմակը թողնելով հանցագործության վայրում, ճողոպրել է․ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 1-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված ու հրացանով զինված ծալապակասը ներս է մտել Զաքյան փողոցի թիվ 5 հասցեում գործող Vivaro բուքմեյքերական ընկերության գրասենյակ և փորձել ավազակային հարձակում կատարել։
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Vivaro-ում այդ պահին գտնվող քաղաքացին կարողացել է առանց վախենալու, վտանգելով իր կյանքը, աթոռով մի քանի մուշտի տալ զինված ու դիմակավորված ճիվաղին, ով իր սև գործը ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զարմանալի է այն փաստը, որ կատարված հանցագործության մասին Vivaro-ի աշխատակիցները այսօր են որոշել իրավապահներին հայտնել։
Այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները վարչության պետի օպեր գծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնեբերելու ուղղությամբ։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են գլխարկը, որը ծալապակասը օգտագործել է որպես դիմակ, դեմքը քողարկելու նպատակով։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+