211652_close_icon
views-count1489 դիտում article-date 13:54 01-07-2019

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային պատմություն. Փաշինյան

Մեր նպատակադրումն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության օրը համարի նաև իր օրը, որովհետև Դատախազության բովանդակային ամենաէական գործառույթը ի վերջո, քաղաքացիների իրավունքները և պետությասն շահեն ու արժեքները պաշտպանելն ու պահպանելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի և դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մեջբերեց հայ լուսավորականներից Միքայել Նալբադյանի մի հանրահայտ հոդվածից երկու հատված. «Առաջինը՝ «Օրենքը պատժում է հանցավորը, ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցման մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն»: Երկրորդը՝ «Իրավադատության մեջ պետք է ազգի կյանքը և այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ առաջանալ»: Ապա Փաշինյանը շարունակեց. «Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը պառակտող ամենահզոր գործոնն է: Երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Այս իրողությունը մեր դասական գրականության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել: Հանրահայտ պատվածքներ կան այս թեմայով, ես այս պահին մտաբերում եմ «Աղքատի պատիվը» հանրահայտ պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թե ինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը կամ արդարադատությունը պետք է կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռևս մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է. «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Ցավոք սրտի շատ երկար ժամանակ մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Ես հատուկ մեջբերեցի դասականներին, որպեսզի իմ խոսքը քաղաքական այս կոնյուկտուրայում չքաղաքականացվի, որպեսզի ցույց տամ, որ սա ամենևին էլ նոր խնդիր չէ, վերջին տասնամյակների խնդիր չէ: Այս խնդրի լուծումն է մեր ամենակարևոր առաքելությունը, առաջին հերթին դատախազության ամերակարևոր առաքելությունը: Հենց իրավապահ մարմինների գործունեության արդյունքում է, որ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային, բանահյուսական պատմություն և ոչ մի աղերս չպետք է ունենա Հայաստանի այսօրվա իրականության հետ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր մեջքին: Յուրաքանչյուր մարդ ՀՀ-ում պետք է զգա, որ մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են մարդիկ իրենց պաշտպանված զգում: Իրավունքը Հայաստանում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա դիրքից, ծագումից, աշխատանքից»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր