211652_close_icon
views-count2056 դիտում article-date 13:37 29-06-2019

Համահայկական խաղերը` նաև նոր ընկերներ ձեռք բերելու լավ առիթ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միություն» ԵՀԿ կամավորների հետ, որոնք կաշխատեն կոմիտեի հետ խաղերի ընթացքում: Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը շնորհակալ գործ է: «Երկիր մտնելիս`օդանավակայանից սկսած, ամբողջ աշխարհից ժամանող մեր հայրենակիցների հետ առաջինը կամավորներն են շփվելու: Դուք Համահայկականի մասնակիցներին կդիմավորեք երկրի սահմանին, օդանավակայանում ու խաղերի ամբողջ ընթացքում կլինեք նրանց կողքին: Ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում, օդանավակայանում կգործի կանաչ գոտի` անցման ուղի: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ` մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով շքերթում առաջնորդելով պատվիրակությունները»,- ասաց Իշխան Զաքարյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը կոորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքը: «Կամավորական լինելը պատվի հարց է: Դուք եք դառնում առաջին դեմքը, ձեր պահվածքից է կախված լինելու ամեն ինչ, քանի որ ձեզ է նայելու ամբողջ աշխարհը, այդ թվում` հակառակորդը: Շնորհակալություն նման բարձր պատասխանատվություն ստանձնելու համար»,- դիմելով կամավորներին` ասաց Վահագն Մելիքյանը: Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են գործակցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ այս խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից են և միմյանց ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն: Հաշվի առնելով խաղերի մասնակիցների ու հյուրերի մեծ թիվը և Արցախի հյուրանոցների ու հյուրատների սահմանափակ քանակը, կամավորները վստահեցրեցին, որ պատրաստ են գիշերել զորանոցներում և վրանային ճամբարներում: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը չի լրացել, արդեն իսկ հայտնի է, որ մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով է ներկայանալու: Օրինակ` ԱՄՆ- ից 400 երիտասարդ է մասնակցելու խաղերին, Իրանից ավելի քան 200 մասնակից կա, Վրաստանից` 250: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ, մոտ 5000 մասնակից ենք ունենալու` չհաշված նրանց հետ ժամանող հարազատներին, ընկերներին: Համահայկական կամավորական միության հիմնադիր- նախագահ Սևակ Կարապետյանը նշեց, որ երբ հայտարարել են` Համահայկական խաղերի համար կամավորների անհրաժեշտություն կա, մեկ շաբաթում 500- ից ավելի երիտասարդ է անդամագրվել: Համահայկական ամառային 7- րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6- ին` Ստեփանակերտում:

Նմանատիպ նյութեր