211652_close_icon
views-count1797 դիտում article-date 20:04 28-06-2019

ԵՊԲՀ-ի նոր նախաձեռնությունը կմեկնարկի Արցախում

Երիտասարդ բժիշկների և ԵՊԲՀ ուսանողների խումբը՝ պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի գլխավորությամբ մեկնեց Արցախ: Բժշկական համալսարանի նախաձեռնությամբ մշակվել է ծրագիր, որի շրջանակում հանրապետության դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կկազմակերպվեն առաջին բուժօգնության դասընթացներ: Ծրագիրը մեկնարկում է Արցախից, որտեղ ապագա բժիշկները 2 օր շարունակ կսովորեցնեն յուրաքանչյուրի համար կենսական նշանակություն ունեցող հմտություններ։ Առաջին բուժօգնության ծրագրի մասնակիցները կծանոթանան անհրաժեշտ միջոցառումներին՝ տուժածի կյանքը փրկելու և հնարավոր բարդությունները կանխելու նպատակով: Սովորաբար նման օգնություն կարող են ցուցաբերել միայն բժիշկները, սակայն անհրաժեշտ է, որ առաջին բուժօգնության հնարքներին տիրապետեն նաև ուսուցիչները, դաստիարակները, այդ թվում՝ աշակերտները: Ցանկալի է, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա՝ ինչպես կարելի է վարվել այս կամ այն իրավիճակում՝ սխալ միջամտություններով տուժածին չվնասելու համար։ Ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ հաստատության աշխատակիցներն առաջինն են լինում դեպքի վայրում, հետևաբար, առաջին բուժօգնությունը կարող է ճակատագրական լինել, իսկ նրանք պետք է պատրաստ լինեն տարբեր իրավիճակներում: Արցախից մեկնարկած ծրագիրն անց է կացվում Արցախի Հանրապետության Առողջապահության, Կրթության և Գիտության նախարարների հովանու ներքո։ Դասընթացները կիրականացվեն հունիսի 29-ից, ժամը 10։00-ից Ստեփանակերտի 3-րդ միջնակարգ դպրոցում։ ԵՊԲՀ-ի նախաձեռնած ծրագիրը շարունակական կլինի և կիրականացվի հանրապետության այլ դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում:

Նմանատիպ նյութեր