211652_close_icon
views-count807 դիտում article-date 15:38 28-06-2019

ՍԴ-ն աշխատում և աշխատելու է բնականոն հունով, ապահովելով Սահմանադրության գերակայությունը. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի իրենք չենք արձագանքում դրանց։ Նաև նշվում է, որ ՍԴ–ն աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։ Հայտարարությունում ասվում է. Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը. 1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: 2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող: 3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում: 4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց: 5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։ ք. Երևան 28.06.2019թ. Հայատարարությունը ստորագրել են՝ Սահմանադրական դատարանի նախագահ՝ Հ. Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը

Նմանատիպ նյութեր