211652_close_icon
views-count1189 դիտում article-date 14:04 28-06-2019

Համագործակցության 3 հուշագիր է ստորագրվել սոցիալական ձեռնարկատիրության խթանման համար

Հունիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում պաշտոնապես ամրագրվեց ՀՀ առաջին պետական ֆինանսական ներդրումը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում: Ծրագրի ամփոփումը մեկնարկել էր դեռ վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունում, որտեղ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ՀՀ համայնքների կայուն զարգացման նպատակով սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Հուշագրի առիթ դարձած ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի (ՀՍՁԱ) կողմից: Այն նպատակ ունի աջակցել համայնքի զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բիզնես գաղափարներ ունեցող անհատներին և ՀԿ-ներին՝ ստեղծելով ստեղծել ՏԻՄ-երի կողմից համայնքային խնդիրների լուծման նպատակով ՍՁ-ների ստեղծման և զարգացման համար համայնքային բյուջեներից դրամաշնորհների հատկացման մեխանիզմներ: «Սոցիալական ձեռնարկատիրությունը մեծ կարևորություն ունի համայնքների զարգացման գործում, սակայն իրական արդյունքներ գրանցելու համար կարևոր է, որ ոլորտին առնչվող բոլոր դերակատարները համագործակցեն միմյանց հետ՝ առկա ռեսուրսներն ու ստեղծվող մեխանիզմներն արդյունավետ և նպատակային օգտագործելու համար: Կարծում եմ այս ծրագիրը նման համագործակցության հարթակի լավ օրինակ էր,- նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը: Ծրագրի շրջանակում համայնքների համար անկացվել էր բաց մրցույթ: Արդյունքում 12 հայտատուներից ընտրվել էին երկու ՏԻՄ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել համայնքային բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրել իրենց համայնքում սոցիալական ձեռնարկատիրության նախաձեռնության իրականացման համար: Ըստ էության, առաջին անգամ Հայաստանում պետությունը պաշտոնապես ներդրում է իրականացնում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում. համայնքային իշխանությունները ապահովում են սոցիալական ձեռնարկատիրության ֆինանսական աջակցությունը, իսկ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան՝ տրամադրում մեթոդական աջակցություն թե´ ՏԻՄ-ին, թե´ ՍՁ-ն նախաձեռնած խմբերին: Ընտրված գաղափարներից մեկն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, մյուսը՝ Աշտարակի Բագավան թաղամասում: Միջոցառման շրջանակում նաև հուշագրեր ստորագրվեցին մրցույթում հաղթած գաղափարները ֆինանսավորող Աշտարակ և Լճաշեն համայնքների ղեկավարության և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի միջև: «Ծրագիրն ամփոփվում է, սակայն մեր աշխատանքը համայնքային իշխանությունների և ՍՁ գաղափարներ ունեցող քաղաքացիների հետ նոր-նոր է սկսվում,- նշում է ՀՍՁԱ նախագահ Սաթիկ Բադեյանը:- «Մենք համոզված ենք, որ այս ձևաչափի փորձնական կիրառումը մեզ կօգնի ավելի ամբողջական դարձնել ՏԻՄ-ՍՁ ոլորտ համագործակցային մեխանիզմներն ու տարածել դրանք նաև մյուս համայնքներում»: Միջոցառման ընթացքում Ասոցիացիան ներկայացրեց նաև ծրագրի շրջանակում ddp.am հարթակի (Direct Democracy Platform) ձևաչափով ստեղծված օնլայն գործիքը, որի միջոցով կարելի է թիրախային համայնքներում վեր հանել համայնքային խնդիրները և առաջարկել դրանց լուծման ՍՁ գաղափարներ: * Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Նմանատիպ նյութեր