211652_close_icon
views-count2386 դիտում article-date 15:59 27-06-2019

Շրջանառության մեջ է դրվել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք և ուսանողներ։ Արարողության սկզբում ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի սաները հանդես եկան ՀՀ-ի հիմնի և ԵՊՀ-ի հիմներգի կատարմամբ: Համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը ԵՊՀ գիտխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցն էր: Այն իրականացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի վրա պատկերված է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, արվեստաբան Լևոն Լաճիկյանի հեղինակած՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գծանկարը, ներքևի ձախ անկյունում համալսարանի տարբերանշանն է: Նամականիշն ունի 220 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրվել է «Cartor» տպագրատանը՝ 30 հազար տպաքանակով: Ի դեպ, Լևոն Լաճիկյանի հեղինակած՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գծանկարը՝ որպես ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի դիզայն, ընտրվել է նախօրոք հայտարարված մրցույթի արդյունքում: Գեղամ Գևորգյանը, շնորհավորելով ներկաներին, փաստեց, որ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին միջոցառումն է՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին. «Չեմ ուզում այսօր անդրադառնալ համալսարանի անցած 100-ամյա ճանապարհին, քանի որ դրա առիթները դեռ լինելու են: Միայն ուզում եմ նշել, որ անուրանալի են նրա դերն ու նշանակությունը: Ես հույս ունեմ, որ հաջորդ հարյուրամյակի ընթացքում համալսարանը կանի ավելին, քան արել է այս տարիների ընթացքում»: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ԵՊՀ-ի անունից շնորհակալություն հայտնեց նամականիշի դիզայնի հեղինակ Լևոն Լաճիկյանին և տեղեկացրեց, որ մշակույթի և արվեստի ասպարեզներում ունեցած ձեռքբերումների, ԵՊՀ 100-ամյակին նվիրված նամականիշը հեղինակելու համար և ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Լևոն Լաճիկյանը պարգևատրվում է ԵՊՀ ոսկե մեդալով: Լևոն Լաճիկյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար՝ նշելով, որ այն իսկապես անսպասելի էր և մեծ անակնկալ. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նամականիշի դիզայնի ընտրության համար անցկացված մրցույթի կազմակերպիչներին և նախապատվությունն այս էսքիզին տալու համար: Ի դեպ, ուզում եմ նշել, որ գաղափարը ծագեց, երբ տարիներ առաջ զրուցեցի իմ լավագույն ուսանողներից մեկի՝ այժմ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի հետ, որն ինձ հուշեց մրցույթին մասնակցելու գաղափարը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր