211652_close_icon
views-count3027 դիտում article-date 10:47 27-06-2019

Եթե այսօր մերժում եմ այն ամենը, ինչ եղել է ինձնից առաջ, ապա վաղը մերժելու են ինձ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Հանրային խորհրդի նախագահ և Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, վիճելի կարծիք է արտահայտել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին: ՍԴ-ն այն մարմինը չէ, որի նախորդ գործունեությունն արժանի չէ քննադատության: Տարիների ընթացքում այդ կառույցն ընդունել է բազմաթիվ, իմ կարծիքով, սխալ որոշումներ, այդ թվում՝ 1996 թվականին՝ նույն Վազգեն Մանուկյանի դիմումի քննության արդյունքում: Այդ ոչ այնքան պետական ավանդույթների ժառանգորդն է նաև Հրայր Թովմասյանը: Կարծում եմ նաև, որ Վազգեն Մանուկյանը նույնպես իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում թույլ է տվել բազմաթիվ սխալներ: Բայց ինձ մտահոգում է այն «դյուրությունը», որով ներկայիս իշխանության երկրպագուներն իրենց թույլ են տալիս վիրավորել, պիտակավորել և անգամ հայհոյել այդ գործչին: Եթե նա արտահայտում է մտքեր, որոնք հակասում են այսօրվա պաշտոնական և «ժողովրդական» թրենդին, ապա դա ամենևին չի նշանակում, որ անհայտ և հայտնի մարդիկ, ֆեյքեր և իրական օգտատերեր իրավունք ունեն հարձակվելու Վազգեն Մանուկյանի վրա՝ այդ ոհմակային հոգեբանությունը փակուղի է տանում մեր հասարակական միտքը և, ի վերջո, նաև պետությունը: Չեմ կարծում, որ ֆեյսբուքում հայհոյանքներ գրողները նույն ծառայություններն ունեն պետության առջև, որոնք ունի Վազգեն Մանուկյանը: Նույնը կարելի է ասել նաև Սեյրան Օհանյանի մասին: Գեներալի զուտ քաղաքական գործունեությունը նույնպես, իմ տեսանկյունից, վիճարկելի է: Նա, մասնավորապես, մասնակցել է «ի բնե» տապալված «ՕՐՕ» քաղաքական նախագծին, ինչը ցավալի էր ոչ միայն նրա, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի համար: Հիմա նրա դեմ առաջ է քաշված ծանր մեղադրանք՝ որքանո՞վ է այն ճիշտ, թող դատարանը որոշի: Բայց երբ երիտասարդ պատգամավորը Սեյրան Օհանյանի մասին արհամարհանքով է խոսում, դա ևս նորմալ երևույթ չի ընկալվում: Օհանյանը 30 տարուց ավելի որպես զինվոր ծառայում էր Հայաստանին և Արցախին, ու ի տարբերություն մի շարք այլ հայտնի հերոսների, դա անում էր զուսպ և համեստ, ինչպես և հարիր է սպային: Այս անձնավորության մասին անհարգալից խոսելն, ինձ թվում է, սխալ է ոչ միայն նրա՝ Օհանյանի, այլև պետության տեսանկյունից: Իհարկե, կռապաշտությունը վատ բան է. ցանկացած մարդու, այդ թվում նաև ներկա և նախկին իշխանավորի մասին կարելի է բազմաթիվ լավ ու վատ բաներ ասել: Խնդիրն այն է, թե ինչպես է դա ասվում, իսկ ասելու ձևը պայմանավորված է մարդու դաստիարակությամբ: Եվ հետո՝ կռապաշտության հակառակ ծայրահեղությունն է նիհիլիզմը. պետք է հաշվի առնել, որ այստեղ գործում է փոխադարձության սկզբունքը. եթե ես այսօր մերժում եմ այն ամենը, ինչ եղել է ինձնից առաջ, ապա վաղը մերժելու են ինձ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր