211652_close_icon
views-count1936 դիտում article-date 18:33 26-06-2019

Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման գործում Մահթումկուլի Ֆրագիի պոեզիան բացառիկ դեր է խաղում. գիտաժողով՝ ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Մահթումկուլի Ֆրագին համաշխարհային մշակույթի պատմության մեջ» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան համատեղ ջանքերով, այն նվիրված էր թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածող Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 295-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական կազմից, ինչպես նաև Հայաստանում Թուրքմենստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը, Հայաստանում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Տիմուր Ուրազաևը, Թուրքմենստանում Հայաստանի նախկին դեսպան Արամ Գրիգորյանը, հյուրեր տարբեր դեսպանատներից, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ճանաչված բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը, դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ: Մեզ հետ զրույցում Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ ԵՊՀ-ի համագործակցությունը Թուրքմենստանի գիտակրթական և մշակութային կենտրոնների, հատկապես՝ Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի հետ տասնյակ տարիների պատմություն ունի: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք թուրքմեն գործընկերների հետ գիտության, կրթության, մշակույթի ամենատարբեր ոլորտներում: Մեր համալսարանականները Թուրքմենստանում և այլ երկրներում արդեն իսկ հրապարակել են տասնյակ գիտական աշխատություններ անգլերեն, ռուսերեն, հայերեն, թուրքմեներեն և մի շարք այլ լեզուներով՝ նվիրված հայ-թուրքմենական դարավոր մշակութային առնչություններին, դասական և ժամանակակից թուրքմենական գրականությանը»,- նշեց պրոֆեսոր Սաֆարյանը: Գիտաժողովի մեկնարկին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը՝ նշելով, որ 100-ամյա ԵՊՀ-ի ու Թուրքմենստանի գիտակրթական և մշակութային կենտրոնների համագործակցությունը երկար տարիների պատմություն և հարուստ ավանդույթներ ունի: Նա ներկայացրեց հայ թյուրքագետների, մշակութաբանների, բանասերների և պատմաբանների համագործակցությունը թուրքմեն գործընկերների հետ՝ կարևորելով այն փաստը, որ թուրքմենական ԶԼՄ-ներն ԵՊՀ-ում կազմակերպված նախորդ հայ-թուրքմենական համատեղ գիտաժողովը իրավամբ կոչել են «բարեկամության տոն եղբայրական հայկական հողի վրա»: «Մեր պրոֆեսորների նախաձեռնությամբ և գիտական խորհրդի երաշխավորությամբ է լույս տեսել անվանի թուրքմեն բանաստեղծ ու մտածող Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն երրորդ հրատարակությունը՝ Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախաբանով»,- ասաց Արսեն Բաբաջանյանը: Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը, շնորհակալական խոսք հղելով ԵՊՀ ղեկավարությանը գիտաժողովի կազմակերպման հարցերում օժանդակելու համար, ներկայացրեց Ֆրագիի ստեղծագործությունների առանձնահատկությունները: «Պետք է նշել, որ խոսքի վարպետ և մարդասեր Մահթումկուլի Ֆրագիի ճակատագիրը սերտորեն կապված է թուրքմեն ժողովրդի ճակատագրի, կյանքի և պատմության հետ: Ֆրագիի պոեզիայում, որը կարելի է կոչել համամարդկային հոգևոր արժեքների հիմն, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական, փիլիսոփայական և բարոյաէթնիկական հարցերը»,- նշեց Մուհամետգելդի Այազովը: Թուրքմենստանում Հայաստանի նախկին դեսպան Արամ Գրիգորյանը, մեջբերելով Ֆրագիի ստեղծագործությունները, ներկայացրեց նրա դերը թուրքմեն ժողովրդի կյանքում՝ նշելով, որ Ֆրագին թուրքմենների համար նույնն է, ինչ Թումանյանը՝ հայերի, իսկ Պուշկինը՝ ռուսների համար: Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ Ֆրագիի ծննդյան 295-ամյակին ընդառաջ «Հայագիտության հարցեր» հանդեսում լույս է տեսել իր և ԵՊՀ ՀՀԻ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի «Հայ-թուրքմենական մշակութային կապերի և Հայաստանի և Թուրքմենստանի գիտակրթական համագործակցության մասին» վերնագրով ծավալուն հոդվածը, որի համառոտ հիմնադրույթները ներկայացրեց իր զեկուցման մեջ: Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի թուրքմենական գրականության ամբիոնի վարիչ Ամաննեպես Շիխնեպեսովը մանրամասն խոսեց Ֆրագիի ստեղծագործական ժառանգության՝ թուրքմենական մշակույթի ու պատմության մեջ խաղացած բացառիկմ դերի, հայ և թուրքմեն արևելագետների համագործակցության մասին: Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Ամալյա Պետրոսյանը, ով Մահթումկուլիի անվան պետական համալսարանում հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը թուրքմեներեն ողջունելով հյուրերին, ասաց. «Մահթումկուլիի պոեզիան թուրքմեն ժողովրդի ազգային ոգու գրական արտացոլումն է: Նրա գրական ժառանգությունը դարձել է յուրօրինակ բարեկամական կամուրջ հայ և թուրքմեն ժողովուրդների համար: Թուրքմեն բանաստեղծի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան և Երևանի պետական համալսարանի ղեկավարության ջանքերով, ապացույցն է այն բանի, որ հայ-թուրքմենական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում Մահթումկուլիի պոեզիան բացառիկ դեր է խաղում»: Միջոցառումն ամփոփվեց հայ բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրի՝ Ֆրագիի ստեղծագործությունների ասմունքով և բախշիների՝ թուրքմեն մշակութային գործիչների երաժշտական համարներով: Նշենք, որ Թուրքմենստանի դեսպանատունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր կազմակերպում են նաև հայ-թուրքմենական ազգագրական երաժշտության համերգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր