211652_close_icon
views-count1414 դիտում article-date 09:49 26-06-2019

Ինչո՞ւ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը ԵԽԽՎ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը: Նախ հայտարարվեց, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո ասվեց, թե պատահաբար է այդպես եղել, և ապա հայտնի դարձավ, որ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Ստացվում է, որ այս խուսափողականությունը իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից իրականում իշխանության դիրքորոշումն է: Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իրականում Հ. Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, և նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Նա այդ մասին նաև տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին և իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով: Սակայն Իգիթյանի հետ կապվել չհաջողվեց. նա չէր պատասխանում ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ էլ նամակներին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղի ունեցածի մեջ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել. «Հայկական պատվիրակությունը կողմ է ռուսական պատվիրակության վերադարձին: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես արդեն ներկայացվել է. Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկությունը տեխնիկական է եղել, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ պարզապես չի մասնակցել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր