211652_close_icon
views-count840 դիտում article-date 21:28 25-06-2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանն արժեւորել է հայ-վիետնամական հաստատված միջխորհրդարանական կապերը` հույս հայտնելով, որ պատգամավորական պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական հարաբերությունների` ցանկալի մակարդակի չեն այլ ոլորտներում երկկողմ կապերը, այն դեպքում, երբ զգալի ներուժ է առկա տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության եւ շատ այլ բնագավառներում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում Երեւանում եւս կգործի ՎՍՀ դեսպանությունը, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նշելով, որ իր գլխավորածը Վիետնամից Երեւան այցելած առաջին խորհրդարանական պատվիրակությունն է` Նգույեն Ման Թիենը դա բնորոշել է որպես վառ ապացույց` Հայաստանի հետ համագործակցության իր երկրի ունեցած մեծ հետաքրքրվածության: «Մենք բարձր ենք գնահատում երկու խորհրդարանների միջեւ կապերը եւ ակնկալում, որ նման փոխադարձ այցերը հնարավորություն կտան իրագործելու այլ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-նշել է Նգույեն Ման Թիենը` Արարատ Միրզոյանին փոխանցելով իրենց խորհրդարանի ղեկավարի` Վիետնամ այցելելու հրավերը: Վիետնամցի խորհրդարանականի խոսքով` Հայաստանն իրենք դիտարկում են մի երկիր, որը լավ կամուրջ կարող է լինել Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, ուստի ակնկալում են, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն ու դերակատարություն կունենա տարածաշրջանային մի շարք կառույցներում: ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ՎՍՀ այցելելու հրավերի համար, ընդգծել է, որ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունի ինչպես Վիետնամի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքով` ժամանակն է փոխգործակցության առումով անցնել գործնական քայլերի:

Նմանատիպ նյութեր