211652_close_icon
views-count1311 դիտում article-date 20:12 25-06-2019

Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել խորհրդարանում

Հայաստանում դիվանագիտական աշխատանքի ավարտի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Արժեւորելով այն գործընկերային հարաբերությունները, որոնք ձեւավորված են երկու երկրների միջեւ` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դրանց խորացման գործում դեսպանի ունեցած դերակատարությունը: Արարատ Միրզոյանի խոսքով` մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաեւ հայ-գերմանական հարաբերությունները` ստանալով նոր մակարդակ: Շնորհակալություն հայտնելով հրաժեշտի հանդիպման համար` Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ գերմանական կողմը միշտ կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացումը, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացումը, փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը: Նրա խոսքով` Հայաստանում հաստատված նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություն է ստեղծվել երկկողմ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար: Ըստ դեսպանի` Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ պայմանավորված էապես մեծացել է Ազգային ժողովի դերակատարությունը, ուստի գերմանական կողմը պատրաստակամ է շարունակելու եւ ընդլայնելու օրենսդիր մարմնին սատարման ծրագրերը` տարբեր ձեւաչափերով: «Հայ-գերմանական հարաբերությունները միշտ աչքի են ընկել իրենց ջերմ, բարեկամական բնույթով եւ ընթացող փոփոխություններից հետո դրանք էլ ավելի խորացման հնարավորություն ունեն»,-ասել է գերմանացի դիվանագետը: Կողմերն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք մասնավորապես ընթանում են հանրային կառավարման, արդարադատության, հարկային եւ այլ ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է Ազգային ժողովի դերը բարեփոխումների գործընթացում, խորհրդարանական կառավարման ձեւաչափում: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ներդրած անձնական ջանքերը` հայ-գերմանական հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով եւ իր հետագա գործունեությամբ եւս նպաստելու է հայ-գերմանական հարաբերությունների ամրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր