211652_close_icon
views-count1307 դիտում article-date 12:55 24-06-2019

«Իմ քայլը» Փաստաբանության մասին օրինագծի քվեարկությունից առաջ ընդմիջում վերցրեց, ապա դեմ քվեարկեց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Ընդմիջումից հետո քվեարկությամբ նախագիծը չընդունվեց, խմբակցությունից մեկնաբանեցին, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում խմբակցությունների կողմից արված առաջարկների արդյունքում ամփոփաթերթիկի և բուն տեքստի մեջ կար հակասություն: «[url=https://armenpress.am/arm/news/979536.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 65, 3 հոգի ձեռնպահ էին քվեարկել: Առաջին անգամ նախագիծը քվեարկության դնելուց առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ օրինագծի հետ կապված ընթացակարգային մի շարք խնդիրներ կան: «Երկրորդ ընթերցմանն ընդառաջ առաջարկները երկու խմբակցություններ ներկայացրել են բավականին ուշ, հանձնաժողովի նիստից օր և ժամեր առաջ: Եվ հանձնաժողովի նիստի ժամանակ կառավարության ներկայացուցիչը տեղում է ծանոթացել առաջարկներին և քննարկման շտապողականության արդյունքում օրինագծի մեջ տեղ են գտել փոփոխություններ, որը մենք երկրորդ ընթերցման ժամանակ նախորդ օրը բացահայտեցինք: Դրանք պատշաճ կերպով չէին քննարկվել հանձնաժողովում, որը թյուրըմբռնման հետևանք էր: Հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչը, ասում է, որ տեխնիկապես հետ է քաշել այդ առաջարկները: Սակայն ես ԱԺ-ի կայքում նախորդ օրը ստուգեցի, դեռևս փոփոխություններն առկա են: Այսպիսով, ունենք թյուրըմբռնում և անփույթ աշխատանք՝ թե հանձնաժողովում, թե կառավարության ներկայացուցչի կողմից»,-ասաց պատգամավորը: Նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը խոսել է կառավարության ներկայացուցչի հետ և փոխնախարարը հավաստիացրել է, որ բոլոր փոփոխությունները կատարվել են բացառապես պայմանավորվածությունների շրջանակում: Թովմասյանը նշեց, որ նախագծին կողմ է քվեարկելու որպես հարակից զեկուցող: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության՝ 24 կողմ, 65 դեմ և 3 ձեռնպահ ձայներով այն չընդունվեց: Այնուհետև վարման կարգով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի տեքստը սկզբունքորեն ընդունելի էր, սակայն ամփոփաթերթիկի և բուն տեքստի մեջ կար հակասություն: «Կար մեկ մաս, որի մասով առաջարկ չէր եկել, և չէր քննարկվել հանձնաժողովում, սակայն տեքստում դա ի հայտ էր եկել: Եվ դա մեր գնահատմամբ կարող էր հետագայում խնդիր առաջացնել, ընդհուպ մինչև ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչելու»,-նշեց նա: Բաղդասարյանը նշեց, որ դեմ են քվեարկել, սակայն կառավարությանն առաջարկություն են անում, որ աշնանը կրկին ներկայացնեն նախագիծը, եթե սխալը շտկվի, ապա ընդունելի կլինի խմբակցության համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նշեց, որ առաջարկները ներկայացրել էին «Լուսավոր Հայաստանը» և «Իմ քայլը» օրենքով սահմանված կարգով, կետ առ կետ յուրաքանչյուր դրույթ քննարկվել և քվեարկվել են: «Որպեսզի գրավոր կերպով ներկայացնեն, հանձնաժողովը վերցրել է ընդմիջում, այդ ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները և կառավարության ներկայացուցիչը եկել են ընդհանուր համաձայնության վերաձևակերպման հարցում, որից հետո նոր դրվել է քվեարկության»,-նշեց նա:

Նմանատիպ նյութեր