211652_close_icon
views-count972 դիտում article-date 15:07 22-06-2019

Քաղաքացուն դանակահարած անձը հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով

Հունիսի 21-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իրեն դանակահարել են: Կանչվել է շտապօգնության խումբ։ Այնուհետև հիվանդանոցից հաղորդել են, որ շտապօգնության խումբը «Ֆրանսիայի» հրապարակից «կրծքավանդակի և ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել արցախցի 40-ամյա մի տղամարդու։ Ոստիկանության Նոր-Նորքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ տղամարդուն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա Արտեմ Ս․-ն, որը նույն օրը, ժամը 10.00-ին, Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Պարզվել է նաև, որ Արտեմ Ս․-ն 2018թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում է գողությանը հանցակցելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Քննությունը շարունակվում է։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր