211652_close_icon
views-count2339 դիտում article-date 10:01 22-06-2019

Անորոշ ու վտանգավոր հայտարարություն Մինսկի խմբից. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպիման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։ Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի էր ունենում սահմանային լարվածության աճի պայմաններում, և կարելի էր ակնկալել, որ համանախագահները գոնե որևէ կերպ զսպող ձևակերպումներով կանդրադառնան հայ զինծառայողների սպանությանը։ Մինչդեռ երեկ տարածած հաղորդագրության մեջ համանախագահներն ընդամենն «ափսոսանք են հայտնում» զոհերի առնչությամբ և կողմերին զսպվածության կոչ են անում։ Ընդամենը։ Առանց որևէ հասցեականության ու կոնկրետության։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում նաև նախկին որևէ համաձայնություն, այդ թվում և առաջին հերթին՝ այն համաձայնությունները, որոնց համաձայն՝ կողմերը պարտավորվում են սահմանային մշտադիտարկման հնարավորություն ստեղծել և ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի անդամների թիվը։ Համանախագահներն ընդհանրապես որևէ փաստաթղթի հղում չեն կատարում։ Եվ դա որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ է ու տեղավորվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան մարտավարության տրամաբանության մեջ։ Համանախագահներն էլ, թերևս, հետևում են այդ տրամաբանությանը և ամբողջությամբ մոռացության են մատնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի այս անորոշ ու ոչինչ չասող հայտարարությունը շատ մտահոգիչ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, իսկ այդ երկրի նախագահն էլ օրերս հայտարարեց ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելացնելու մասին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր