211652_close_icon
views-count1292 դիտում article-date 12:42 20-06-2019

Նախարարությունը վերաբաշխումների շնորհիվ գումարներ է ուղղել մարզերի բուժհիմնարկներ

ՀՀ առողջապահության նախարարությունը նախորդ տարի բուժհիմնարկների միջև կատարել է բյուջեի վերաբաշխում: Մայրաքաղաքի որոշ բուժհիմնարկներում նախկինում կատարված անձնական պայմանավորվածությունների հիմա վրա բաշխումների վերանայման արդյունքում տնտեսված շատ միջոցներ ուղղվել են մարզերի բուժհիմնարկներ: «[url=https://armenpress.am/arm/news/979113.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նախորդ կառավարության ժամանակ առողջապահության բյուջեն հիմնականում բաշխվում էր տարբեր անձնական պայմանավորվածությունների հիման վրա և շատ անհամաչափ: Եվ իմ առաջին քայլերից մեկը եղավ ակնհայտ անիմաստ բաշխումները շատ արագ փոխելը: Դրա արդյունքում որոշ բժշկական կենտրոններ զրկվեցին հարյուրավոր միլիոն դրամներից, որոնք տարվա վերջում նրանց կողմից պարզապես փոշիացվում էին: Այդ խնայողությունները թույլ են տվել դեպի մարզեր ուղղված բաշխումներ կատարել: Աննախադեպ երևույթ էր, երբ աշնանը մարզերում չծախսված գումարները չէին բերվում Երևան և խոշոր բուժհիմնարկներին սնում, այլ հակառակը` Երևանում չծախսված գումարները ուղղվեցին մարզեր և մարզային բժշկական կենտրոնները, դրանցից օգտվելով, բնակչությանը ծառայություններ մատուցեցին»,-ներկայացրեց Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ օրինակ Դիլիջանում կար մանկական հակատուբերկուլյոզային դիսպանսեր, որը 300 մլն դրամ բյուջե ուներ, ու այնտեղ «բուժվում էին» երեխաներ, որոնք շփվել էին տուբերկուլյոզով հիվանդ անձանց հետ: «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիմնականում տարբեր պայմանավորվածությունների, ուղեգրերի հիման վրա երեխաները պարզապես հանգստանում էին այնտեղ, և դա ընդհանրապես ոչ մի կապ չուներ առողջապահության հետ»,-ասաց Թորոսյանն ու հավելեց, որ իրենք կարողացել են շատ բան փոխել, կա քրեական գործ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տարեկան բյուջեն 5 մլրդ դրամ էր, բայց 2018-ը ամփոփել են 4 միլիարդով: Թորոսյանի հիշեցրեց, որ նախորդ տարվա վերաբաշխումների շնորհիվ շուրջ 10 հազար բուժաշխատողի աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել 15-20 տոկոսի չափով: Դա շարունակվել է նաև 2019-ի բյուջեով: Տնտեսված միջոցների հաշվին կարողացել են ձեռք բերել նաև հավելյալ դեղամիջոցներ, ինչը շարունակվում է նաև այս տարի: Նախարարը վստահեցրեց, որ անտեղի վատնումները վերացել են, թե ներմարզային, թե միջմարզային և թե մարզ-Երևան բաշխումները դարձել են հնարավորինս համաչափ:

Նմանատիպ նյութեր