211652_close_icon
views-count1416 դիտում article-date 09:32 20-06-2019

Կառավարության քայլերը տանում են սոցիալական լարվածության խորացման. ովքե՞ր են թիրախում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Կառավարությունը պատրաստվում է վերանայել գույքահարկի գնահատման գործող կարգը, ինչը ենթադրում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում։ Այնպես չէ, որ դա տարածվելու է միայն թանկարժեք գույքի վրա։ Գույքահարկի հարկման դաշտում են հայտնվելու գրեթե բոլորը։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մարդը հարո՞ւստ է, թե՞ սոցիալապես անապահով։ Նա պարտավոր է լինելու վճարել իրեն պատկանող գույքի համար։ Մի դեպքում՝ ավելի շատ, մեկ այլ դեպքում՝ քիչ։ Կառավարության թիրախը բոլորն են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերը։ Նախատեսվում է փոխել, առաջին հերթին՝ գույքի գնահատման գործող մոդելը։ Ըստ այդմ՝ գույքի կադաստրային արժեքը կհամապատասխանեցվի շուկայականին, այսինքն` կբարձրանա գրեթե 3 անգամ, ինչն էլ թույլ կտա անշարժ գույքը դնել հարկման տակ։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։ Այս նախաձեռնությամբ, որքան էլ թվում է, թե նպատակը պիտի լիներ հասարակության շրջանում առկա բևեռացվածության մեղմումը, այն բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ հարուստներն իրենց շքեղ բնակարանների համար ստիպված են լինելու ավելի շատ վճարել։ Գույքահարկի հարկման տակ կհայտնվի նաև այն քաղաքացին, ով ունի մեկ կամ երկու սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում, և ում եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխություններով ոչ միայն չեն ավելանում, այլև մի բան էլ նվազում են` կապված կենսաթոշակային ֆոնդերի վճարումների հետ։ Պրոգրեսիվ գույքահարկի կիրառումը, որքան էլ կարևոր, նույնքան ռիսկային է, հատկապես նման կտուկ վերանայումների պարագայում։ Դա կարող է լուրջ փաստի առաջ կանգնեցնել ինչպես կառավարությանը, այնպես էլ՝ սեփականատերերին։ Դրա հետևանքով շատերը, մասնավորապես՝ նախկինից անշարժ գույք ժառանգություն ստացածները, որոնց եկամուտներն այսօր բարձր չեն, միանգամից հայտնվում են թիրախի տակ։ Նրանք կանգնելու են իրենց ունեցվածքից պարտադրված հրաժարվելու փաստի առջև։ Այսպիսի խնդրի կարող են բախվել առաջին հերթին՝ Երևանի կենտրոնի թանկ բնակարանային շուկայի սեփականատերերը։ Դժվար է ասել, թե դա որքանո՞վ է բխում կառավարության նպատակներից, բայց միտումը տանելու է դրան։ Սա հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առաջացման տեղիք կարող է տալ։ Հատկապես որ, այս ամենը չի ուղեկցվում սոցիալական խոցելի խմբերի եկամուտների նույնքան կտրուկ ավելացմամբ։ Ի տարբերություն լրացուցիչ հարկային բեռի կիրառման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, կառավարությունն առայժմ նույնքան ակտիվ չէ մարդկանց եկամուտներն ավելացնելու հարցում։ Առայժմ հայտնի է, որ քննարկվում է հաջորդ տարի նվազագույն կենսաթոշակը 10 տոկոսով ավելացնելու հարցը, որը ենթադրում է ընդամենը 2,5 հազար դրամի հավելում։ Պարզ է, որ դրանով անիմաստ է ակնկալել սոցիալական խնդիրների մեղմում, առավել ևս՝ լուծում»: [b]Մանրամասն՝ թերթին այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր