211652_close_icon
views-count1894 դիտում article-date 13:52 19-06-2019

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպան Խուդոյանի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ դատարանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/978995.html]Արմենպրես[/url]»-ը, պաշտպանի խոսքով՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն է հանդիսացել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18-ի դատական նիստում դրսեւորած վարքագիծը: Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Խուդոյանի միջնորդությունը: Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի վերաբերյալ՝ Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների վերաբերյալ նիստը: Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Նմանատիպ նյութեր