211652_close_icon
views-count1881 դիտում article-date 13:04 19-06-2019

Գլխավոր դատախազը հուսով է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավորը բարոյական և հոգեբանական ճնշումների չի տրվի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատաքննությունը արհեստականորեն ձգձգելու միտում է տեսնում: «[url=https://armenpress.am/arm/news/978983.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ՝ Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների վերաբերյալ նիստից հետո Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե գործը ձգձգելու միտումը շարունակվի նախագահող դատավորը պետք է դրան արձագանքի և գործադրի անհրաժեշտ գործիքակազմ: «Ես խնդրեցի, որպեսզի դատարանը արձագանքի դրան անհրաժեշտ պահին, դիտարկելով դա որպես իրավունքներից օգտվելու անբարեխիղճ կամ չարաշահման դրսևորում: Միտումն ակնհայտ է: Եթե դուք նկատեցիք, նախորդ դատական նիստը, որը տևել է շուրջ 2.5-3 ժամ, ինչ-որ հարց ու պատասխանի էր վերածվել այն դեպքում, երբ առնվազն պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը: Յուրաքանչյուրս պետք է իմանանք՝ դառնալով դատախազ և փաստաբան, թե որ պահին խոսելու իրավունք ունենք և թե, որ պահին լսելու իրավունք ունենք: Սրա շուրջ 2.5-3 ժամ ծավալել քննարկում. ինչի մասին է սա վկայում»,- ընդգծեց Դավթյանը՝ նշելով, որ հունիսի 18-ի դատական նիստի ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումներից հետո պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմք ընդունելով երեկվա ծավալված քննարկումները, որը նույնպես վկայում է նիստը ձգձգելու մասին: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուսով է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավորը բարոյական և հոգեբանական ճնշումների չի տրվի: Նա նշեց, որ դատավորը այս պահի դրությամբ որևէ ընթացակարգային խախտումներ թույլ չի տվել, իսկ եթե տրված լիներ` մեղադրյալ կողմը իր դիրքորոշումը կհայտներ: Նա խորհրդանշական է համարում պաշտպանական կողմի և հատկապես Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ ուղղված դատավորին՝ այն մասին, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու: «Ես դա շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին հանրապետության նախագահ հանդիսացած անձը: Կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին»,- ասաց Դավթյանը: ՀՀ գլխավոր դատախազի կարծիքով` պաշտպանական կողմը դա անում է ակնհայտորեն այլ նպատակով և ոչ միայն դատական նիստի ընթացքում: Ըստ Դավթյանի` նրանք ամենատարբեր տեղեկատվական հոսքերով փորձում են բարոյական և հոգեբանական ճնշումներ գործադրել: «Այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու, իրենք մոռացել են, որ վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում պատասխան տալուն, և որևէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել, նա անհանգստանալու խնդիր չունի»,- եզրափակեց Դավթյանը: Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը:

Նմանատիպ նյութեր